Տեսակետ

Մեր նորօրյա խաչակիրները չեն հասկանում, որ միջնադարի խավարը վաղուց անցել է. Թորոսյան

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Աստծո անունով հարյուրավոր տարիներ առաջ խաչակրաց արշավանքներ և ինկվիզիցիա է եղել, որոնց ընթացքում միլիոնավոր անմեղ մարդիկ են սրի քաշվել և սպանվել։ Հիմա էլ մեր նորօրյա խաչակիրները, կրկին Աստծո անունով, փորձում են իշխանություն զավթել մեր երկրում՝ պետությունը, ինքնիշխանությունը ու սահմանադրական կարգը ստորադասելով իրենց ներքին և արտաքին պատվիրատուների հակապետական շահերին, որպեսզի կրկին ինկվիզիցիայի ենթարկեն այլախոհներին, սրի քաշեն անհամաձայններին։

Մեր նորօրյա խաչակիրները կամ մեսիաները չեն հասկանում, որ միջնադարի խավարը վաղուց անցել է, և Աստծո անունով կամ այլ պատրվակով չի ստացվելու մոլորեցնել մարդկանց, երկրի ինքնիշխանությունը զոհել, հայհոյախոսությամբ թիրախավորել իրենց հակապետական վարքագիծը չկիսողներին, իրենց մասնագիտական պարտքը կատարող ոստիկաններին ու այլոց և, ի վերջո, հակասահմանադրական եղանակով տիրանալ իշխանությանը։

Հերթական կլիշեն կամ կարծրատիպը պետք է կոտրվի։ Անկախ նրանից՝ ով է այս գործողությունները իրականացնողը, պետք է արժանանա օրենքի կոշտ արձագանքին, անկախ նրանից՝ ինչ հագուստ կամ այլ պարագաներ է կրում կամ խոսելուց ինչ բառապաշար է օգտագործում։

Պետական ու սահմանադրական կարգի դեմ հանդես եկող ցանկացած անհատ կամ կառույց պետք է արժանանա համապատասխան գնահատականի, այդ թվում՝ իրավական»։