«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է.
«Ոստիկանության կողմից EBRD համաժողովը պաշտպանելը բավականին տրամաբանական է։ Ներողություն, հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն։
Այդ գործողությունը նաև իրավաչափ է՝ համաձայն «Ոստիկանության» մասին օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կետի։ Կարևոր է, որ դա արվի այնպես, որ չառաջանա բախումների կամ բռնությունների իրական վտանգ։
Այդուհանդերձ, ուզում եմ հիշեցնեմ, որ ոստիկանության գվարդիայի ստեղծումը կնպաստի, որ ապագայում Երևանի կենտրոնում նման գործողությունները արվեն ոչ թե ռազմականացված ստորաբաժանումների, այլ հավաքների սպասարկման վրա մասնագիտացած ոստիկանական ստորաբաժանումների կողմից։
Բավականին անազնիվ է այս վիճակը 2008 թվականի հետ համեմատելը, երբ Ազատության հրապարակում տեղակայվեցին գնդացրորդներ, ու ընդդիմությունը ամիսներ ու տարիներ շարունակ չէր կարողանում այդ հրապարակում հավաք անցկացներ»։