Տեսակետ

Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Բարձրաստիճան եկեղեցականին անհարիր ոճով այսօր արած հայտարարություններին չեմ արձագանքելու։ Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանն աջակցող հայհոյախոս լրատվամիջոցների հրատարակած կեղծիքների օրինակին չհետևելով՝ թարգմանաբար չեմ հրապարակելու սրբազանին վերագրվող, թեկուզ միայն Կանադայի թեմում, ահռելի ֆինանսական մեքենայությունների մասին անգլիալեզու հոդվածները, որովհետև դրանք ճշտված չեն, և ես գոնե հավատ չեմ ընծայում դրանց։ Եթե հարկ կհամարի, թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես է ստացվել, որ ինքը չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնում, կարծեմ, 2014 թվականին, ինչը շատ հազվադեպ երևույթ է երիտասարդ եպիսկոպոսի համար։ 

Ես ճեմարանում այլ դաստիարակություն եմ ստացել․ Գևորգյան ճեմարանում, ապա Վազգենյան դպրանոցում ես Վազգեն վեհափառից, Գարեգին Ա և Գարեգին Բ հայրապետերից այլ դաստիարակություն եմ ստացել, բոլորովին այլ դասեր եմ սերտել հայրենիքի, եկեղեցու, պետության, առավել ևս սիրո,  համերաշխության և հանդուրժողականության մասին։ Սուտը, կեղծիքը անթույլատրելի էր մեր ժամանակներում։ Հուսամ՝ հիմա էլ։

Որպես Հայաստանում հայ եկեղեցու երիտասարդաց միության առաջին ատենապետ, «Հայորդի» պարբերականի գլխավոր խմբագիր, որպես ակտիվ հայ եկեղեցու նվիրյալի կյանքով ապրող երիտասարդի, իմ անցյալի մասին թող սրբազանը հետաքրքրվի իմ ճեմարանական կուրսեցի հոգևորականներից, որոնց մի մասը այսօր թեմակալ առաջնորդներ են։ Բայց ավելի շատ թող ականջալուր լինի Գարեգին Բ վեհափառ հայրապետին, ում սանն եմ եղել, երբ վերջինս Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդն էր և մեր տան, անձամբ հորս գրեթե ամենօրյա հացընկերը։ Վեհափառը, հավանաբար, կպատմի մինչև 2020 թվականը Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնում մեր պարբերական հանդիպումների ժամանակ քննարկված թեմաների, խնդիրների, խնդրանքների մասին։  

Լրատվամիջոցը, որի մասին հիշատակում է սրբազանը, ես չեմ գնել ոչ մեկից, ես ստեղծել եմ այդ լրատվամիջոցը իմ ընկերների հետ, որոնցից մեկը սրբազանին աջակցող լրատվամիջոցում է աշխատում, մյուսը իշխանության բարձրաստիճան պաշտոնյա է։ Սրբազանը պիտի իմանա, որ իր վեղարի հետևում ծպտված պաշտոնյաների նման այս երկրում ամեն ինչ չէ, որ առնովի և ծախովի է։ Ինձ ճեմարանում և եկեղեցական միջավայրում սովորեցրել են հեռու մնալ ստից, արկածախնդրությունից և բանսարկությունից։ Հավատում եմ, որ սրբազանն էլ նույն դասերն է սերտել, նույն դաստիարակությունն է ստացել, նույն երդումն է տվել»․․․