Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Պուտինը վարչապետի պաշտոնի համար Պետդումա է ներկայացրել Միշուստինի թեկնածությունը:
Այստեղ հետաքրքիրն այն է, որ ռուսական տարբեր փորձագիտական շրջանակներում խոսվում էր, որ վերընտրվելուց հետո Պուտինը նոր կառավարություն կձևավորի առանց Միշուստինի:
Բայց Պուտինը դարձյալ առաջարկում է Միշուստինի թեկնածությունը: Այստեղ ուշադրության է արժանի մի հանգամանք, որ եղավ Պուտինի երդմնակալության շեմին: Դրանից օրեր առաջ ձերբակալվեց և կալանավորվեց պաշտպանության փոխնախարար Տիմուրովը՝ կոռուպցիոն գործով: Նրան համարում էին Շոյգուի վստահելի մարդկանցից մեկը: Ընդ որում, ռուսական փորձագիտական համայնքը նշում էր, որ այդ տրամաչափի ձերբակալման և կալանքի որոշումը չէր կարող լինել առանց Պուտինի համաձայնությունը ստանալու:
Անկասկած է, որ, ինչպես ցանկացած պետությունում, առավել ևս Ռուսաստանում, որը ներկայումս գտնվում է բավականին լուրջ տրանսֆորմացիոն շրջափուլում, կա էլիտաների սուր պայքար: Թե Միշուստինի վերաբերյալ գնահատականները, որ Պուտինը նոր կառավարությունը կձևավորի առանց նրա, թե Տիմուրովի ձերբակալությունն ու կալանքը, այդ պայքարի դրսևորումներ են:
Միշուստինի վերաառաջադրումը այդ պայքարում, առնվազն ներկայիս փուլում, նրան սատարող թիմի հաղթանակն է: Չի բացառվում, որ այդ վերաառաջադրմանը դեմ է եղել Շոյգուն, որին զսպեցին տեղակալի կալանավորումով»: