Տեսակետ

Ինչո՞ւ է լռում Ֆրանսիան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այս ընթացքում Ֆրանսիան շարունակում է «լռություն» պահպանել հայ-ադրբեջանական համաձայնագրի առնչությամբ: Ի դեպ, նկատենք ևս մեկ լռություն՝ Հունաստանը: Տարօրինակ չէ՞, երբ նույնիսկ Սլովենիայի արտգործնախարարությունն է Հայաստանին ու Ադրբեջանին «ողջունում» և «շնորհավորում», իսկ ահա Ֆրանսիան ու նաև Հունաստանը լուռ են:

Բայց ինչո՞ւ, միթե դժվար է մի երկու տող գրել X-ում: Գրելն, իհարկե, դժվար չէ, բայց թերևս դժվար է գրել սեփական շահերի դեմ: Հիշո՞ւմ եք վաշինգտոնյան բանակցության երկրորդ՝ հունիսյան ռաունդից հետո Ֆրանսիայի ՀՅԴ կառույցից տարածվածը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի անունից, որ ինքը հաճախ ավելի ջանադիր է պաշտպանում Հայաստանի շահերը, քան Փաշինյանը: Անմիջապես հակադարձումը եղավ, թե դա ՀՅԴ-ականների ապատեղեկատվությունն է, թեև Ելիսեյան պալատն այդպես էլ պաշտոնապես չհերքեց, թե Մակրոնն ասել է այդպիսի բան:

Ալիևը շաբաթներ առաջ ասում է՝ Ֆրանսիան Ադրբեջանի հետ պայքարում է ռեգիոնում առաջնորդության համար: Իսկ այսօր էլ հայտարարում է, թե ձեզ ասում եմ չէ՝ մեր միջև միջնորդ պետք չէ, մենք պայմանավորվում ենք: Ի՞նչ է նշանակում դա «թարգմանաբար», եթե իհարկե՝ չունենք աչքակապությամբ զբաղվելու մտադրություն: Թարգմանաբար դա նշանակում է՝ ես այս ռեգիոնում այլևս հասել եմ այնպիսի աստիճանի, որ Դուք զբաղվեք միայն գլոբալ հարցերով՝ ինձ հետ խոսեք, իսկ հայ-ադրբեջանական հարցն արդեն լիովին իմ «քաշային կատեգորիայում» է:

Ու հետն էլ սահմանային առաջին սյունը տնկելուց հետո Ֆրանսիային ու Հունաստանին «զգուշացնում» է, թե չփորձեք այնպես զինել Հայաստանին, որ ես համարեմ վտանգավոր: Իսկ այդ ընթացքում Բրիտանիայի արտգործնախարար, թեև դե ֆակտո քաղաքական իմաստով գուցե նույնիսկ վարչապետ՝ նախկին վարչապետ Քեմերոնը շրջայց է սկսել Կենտրոնական Ասիայում, ու վաղը կլինի Ղազախստանում: Ի դեպ, ասում են, Ալիևն այսօր ազդարարել է նաև, թե Ղազախստանում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները»: