Տեսակետ

Մեզ չեն խաբում՝ ասում են շատ բաց, տարբեր մակարդակներում. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Օրերս, երբ «իրական» ու «պատմական» թեմայի վերաբերյալ գրառման մեջ հարց էի տվել այդ «դիսկուրսի» և ԱՄՆ ու Եվրամիության ֆինանսական աջակցության մասին ապրիլհինգյան հայտարարությունների կապի մասին, դա առաջացրել էր մեր մի շարք հայրենակիցների անկեղծ զարմանքը, որոշ դեպքերում՝ վրդովմունքը, թե ի՞նչ կապ ունի մեկը մյուսին:

Երբ անում եմ գրառումներ այս կամ այն թեմայի վերաբերյալ և դրանցում շոշափում տարբեր կապակցվածություններ ու փոխազդեցություններ, միշտ առաջնորդվում եմ ընթերցողների ոչ թե «տարրական», այլ նվազագույնը «ավագ» դպրոցական ինտելեկտուալության և ընկալունակության «կանխավարկածով»: Ըստ այդմ, համարում եմ, որ պետք չէ ամեն անգամ բացատրել, որ կապը միշտ չէ, որ կարող է լինել ուղիղ, անմիջական, ուղղակի: 

Դիցուք, երբ կոնկրետ թեմայի առնչությամբ ձևակերպել եմ հարցադրում, ավելորդ եմ համարել ընթերցողին բացատրել, որ նկատի չունեմ, թե Բլինքենը կամ Ֆոն Դեր Լյաենը Բրյուսելում Փաշինյանին ասել են, որ փող են տալիս, բայց ակնկալում են ահա այսպիսի մի ելույթ Ազգային Ժողովում: Ներողություն, իհարկե, եթե երբեմն կա այդպիսի մանրամասն պարզաբանման կարիք, բայց ես բաց եմ թողնում այն:

Խոսքը քաղաքականության ֆինանսավորման մասին է: Իսկ ուղենիշները, թե որ քաղաքականությունն է իրենց հետաքրքիր, նրանք ասել ու ասում են շատ բաց՝ պետք է լուծել խնդիրներն ու խաղաղություն հաստատել Ադրբեջանի, և, որպես «բոնուս», ստանալ կարգավորում Թուրքիայի հետ: Սա մոտեցումն է, իրենց քաղաքական շահերից, ռազմավարությունից բխող մոտեցումը, որի հարցում մեզ չեն խաբում՝ ասում են շատ բաց, տարբեր մակարդակներում: 

Մեզ խաբում են մարդիկ, որոնք հանրությանը համոզում են, թե աջակցության մասին հայտարարությունների ներքո Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ Հայաստանի դիմադրունակությունը բարձրացնելու նպատակն է, մարդիկ, որոնք մի քանի ամիս առաջ հավաստիացնում էին, թե Արցախն էթնիկ զտումից փրկելու նպատակն է, հիմա էլ հավաստիացնում են, թե Հայաստանի սահմանները պաշտպանելու նպատակն է:

Եթե ընթերցողները ուզում են ապրել ցանկալին իրականության տեղ կուլ տալով, դա յուրաքանչյուր մարդու լիակատար իրավունքն է, և այդպիսի պարագաներում խորհուրդ եմ տալիս պարզապես չհետևել իմ պատին, որովհետև այստեղ իմ նպատակը իրականությանը, ոչ թե ցանկալիին առավել մոտենալն է, որովհետև միայն այդ կերպ է հնարավոր բարձրացնել մեր ինքնուրույն մտածողության, կարողությունների ներուժն ու մակարդակը:

Վերադառնալով սկիզբ: Ինչի՞ մասին է թեման, որը, փաստորեն, առաջինը հրապարակավ բացում է ԱԺ կառավարող մեծամասնության ներկայացուցիչը՝ ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն հայերի վերաբերյալ: Դա հենց այն քաղաքականության մասին է, որին Բրյուսելում հատկացվում է 270 միլիոն եվրո»: