Մշակութային քննադատ Հրաչ Բայադյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայաստանի՝ դեպի Եվրոպա շարժման հավանականությունն ու հնարավորությունները, իսկ հաճախ նաև՝ անհրաժեշտությունը, վերջին շրջանում քննարկվում է բազմաթիվ հարթակներում: Խոսվում է Հայաստանի անելիքների մասին տարբեր ասպարեզներում: Բնականաբար, ոչ մի խոսք մտավորական անելիքների մասին (իսկ ո՞վ պետք է խոսեր այդ մասին – սա էլ հո պատմության դպրոցական դասագիրք չէ, որ սազն առած մեջլիս մտնեին): Հավանաբար, կամ այստեղ ամեն ինչ արդեն եվրոպական է, և անհանգստանալու կարիք չկա, կամ էլ վիճակն ավելի անհույս է, քան ուրիշ ասպարեզներում, և ոչ ոք, ոչ մի Հնդկաստան, Ֆրանսիա կամ Եվրամիություն այս գործում մեզ չի կարողանա օգնել:
Ուզում եմ վերադառնալ նույն մտքին, որի մասին գրել եմ շաբաթներ առաջ, թե՝ «Հայաստանը Եվրոպա է», որ այս կամ այն ձևակերպմամբ հնչում է նաև այս քննարկումներում: Ինձ համար ակնհայտ է, որ արևմտյան աշխարհի հետ ոչ մի տեսակի և քանակի պատմական ու մշակութային առնչություններ բավարար չեն, իսկ ներկա Հայաստանն էլ իր հերթին ոչ մի հիմք չի տալիս նման բան պնդելու համար:
Խորհրդային ուշ շրջանում ձևավորված հայկականությանը, որի որոշ հիմնական սկզբունքներ այսօր էլ կենսունակ են և նույնիսկ գերիշխող, բնորոշ էր երկու միանգամայն հակաեվրոպական, հակաարդիական (եվրոպականը հասկանալով որպես արդիական) բնութագիծ: Առաջին․ այն չուներ ապագայի նախագիծ (այդ մասին հավանաբար մտածում էին Կենտրոնում): Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, որ 1980-ականների վերջից ի վեր հնչող կարևոր կարգախոսները՝ «Ղարաբաղը մերն է» (վերջերս՝ «Արցախը Հայաստան է և վերջ»), «Ճանաչել ցեղասպանությունը» (ավելի ուշ՝ «Հիշում եմ և պահանջում»), «Մեկ ազգ, մեկ մշակույթ» և այլն, իսկ հիմա էլ՝ «Հայաստանը Եվրոպա է և վերջ», հասարակության վերափոխման մասին չեն, սոցիալական, մշակութային փոխակերպման կոչ չեն անում, առավել ևս՝ ուղիներ չեն մատնանշում:
Երկրորդ՝ այն չուներ ինքնաանդրադարձի, կողքից, որոշ հեռավորությունից ինքն իրեն քննադատաբար նայելու տարրական հատկություն: Ընդհակառակն, աններելիորեն ինքնասիրահարված էր և անհոգ: Եվ այս փոխկապակցված հատկություններն այսօր մեզ օդ ու ջրի պես պետք են, եթե մտավորական ենք, առաջի հերթին խորհրդահայ անցյալի քննադատական վերաքննության և այդ ճանապարհին որոշ ապագա պատկերացնելու համար: Իմ վերջին գրքի համար բնաբան էի ընտրել Է. Սաիդի այս միտքը. «Ինչպե՞ս է մշակույթը, որ ձգտում է անկախանալ իմպերիալիզմից, երևակայում սեփական անցյալը»:
Կուզենայի վերջացնել առանց պաթոսի, բայց, կարծեմ, չի ստացվում: Ամեն դեպքում, կրկնում եմ այն, ինչ բազմիցս ասել եմ. ռուսական-խորհրդային իմպերիալիզմի գերիշխանությունից ազատվելու մտավորական ջանքն է, որ, գուցե, կօգնի մեզ՝ մոտենալ Եվրոպային: Թեև ակնհայտ է, որ Եվրոպային մոտենալն այդ աշխատանքի միակ կամ ամենակարևոր նպատակը չէ»: