Տեսակետ

Ես հայտնում եմ իմ վստահությունն ու աջակցությունը հավաքականի մարզչին. Ռոբերտ Արզումանյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մինչ կշարունակեմ ձեզ խոստացած իմ շարքը, կուզեմ խոսել մեր հավաքականի, ավելի կոնկրետ՝ մեր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի վերաբերյալ։
Մեր հավաքականի մարզիչը, կարծես, իր որոշումների մեջ հայտնվել է միակ պատասխանատուի դերում։ Ես այժմ չեմ խոսի իր որոշումների բացարձակ ճշմարտացիության մասին։

Հայկական ֆուտբոլի իրողություններում ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրության կարևորագույն բաղադրիչներից է՝ ունենալ կարճաժամկետ կամ երկարաժամկետ ռազմավարություն, որն ինքնին ենթադրում է մեծ հավատ ու վստահություն մարզչի հանդեպ։

Այս պահի դրությամբ Պետրակովը փորձում է լուծել կարճաժամկետ խնդիր․ այն է՝ հաղթել, և այդ ճանապարհին նա կայացնում է համապատասխան որոշումներ, որոնք ընդունվում են ոչ միանշանակ, և բոլոր հարվածներն ընդունում իր վրա միայնակ՝ առանց նկատելի աջակցության: Այս գործընթացը, ինչպես միշտ, տանում է մեզ ծանոթ և կրկնվող տեղ՝ նոր մարզչի փնտրտուք։

Ես հայտնում եմ իմ վստահությունն ու աջակցությունը հավաքականի մարզչին, հարգանքով մոտենում իր որոշումներին՝ շատ լավ իմանալով, թե դա ինչքան կարևոր է թիմի հաղթանակների համար»: