Տեսակետ

Մեր հայացքը պետք է բարձրացնենք Էջմիածնի «խարխուլ գմբեթներից»

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Չե՞ք հոգնել կրկնելուց, որ մեր մշակույթի, ինքնության դեմ պատերազմ է գնում: Իսկ ե՞րբ է, որ այդպես չի եղել: Հինգերորդ դարում հույները և ասորիներն էին դեմ, որ մենք գիր ունենանք և Աստվածաշունչ թարգմանենք, բայց գիր ստեղծվեց, չէ՞, Աստվածաշունչը թարգմանվեց, չէ՞: Ամեն տեղ և ամենուր պատերազմ է՝ տնտեսություն, կոմունիկացիա, կրթություն, գիտություն, մշակույթ, արվեստ, սպորտ: Աշխարհը պատերազմ է: Բա ստեղծեինք, երեսուն տարվա խառնակություններից մի, Հրանտ Մաթեւոսյանի ասած, բարձր-բարոյական վեպ ունենայինք, մի երկու-երեք ֆիլմ, չգիտեմ՝ մի սիմֆոնիա, Մարտիրոս Սարյանի «Հայաստան»-ի նման մի կտավ, տանեինք-միջազգային փառատոն, Փարիզում շքեղ ցուցահանդես կազմակերպեինք: Արե՞լ ենք: Չենք արել: 

Ես չգիտեմ՝ Չարենցի «Դանթեական առասպելից» և Թումանյանի «Հոգեհանգստից» ու Տերյանի «Երկիր Նաիրի»-ից հետո ո՞ր կիսախելագարն է Եղեռնի մասին ինչ կամ ինչու գրել, բայց թուրքերն իրենց այլանդակությունը սրբագրել են Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպով: Այ, էդ մակարդակի գործ, որ Մոսկվայի «Դրուժբա նարոդով» ամսագիրը տպագրեր և նախկին խորհրդային տարածքի բոլոր ազգերն ու ցեղերը կարդային, մենք ստեղծե՞լ ենք:

Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» կա, մնալու է, նրանից թռցված մյուս «սասունապատում»-ներն ու՞մ են պետք: Թուրքի խուզարկու հայացքի տակ Պոլսում Զահրատ ենք ունեցել, էդ թռիչքի և մտասուզման մի բանաստեղծ Երևան հայաշունչ քաղաքում ցույց տվեք՝ գլուխ խոնարհեմ: Թե չէ օրիգինալ երևալու համար «է» օժանդակ բայի տեղ «ա» գրելով պոետ չեն դառնալու: 

Ի վերջո, փորձեք Շիրազի «Հայոց դանթեականը» ֆրանսերեն թարգմանել: Հինգ տող կարդալուց հետո խեղճ ֆրանսիացին գիրքը կշպրտի: 
Մշակույթն էլ, այո, պատերազմ է: Բայց ինչպես մարտադաշտում հաղթում է արդիական սպառազինությունը, այդպես էլ մշակույթում շահում է նորը, ժամանակակիցը, թարմը: Ես չեմ ասում, ուղիղ հարյուր տասը տարի առաջ Վահան Տերյանն է ձևակերպել, որ մեր հայացքը պետք է բարձրացնենք Էջմիածնի «խարխուլ գմբեթներից»: 
Հայաստանի վանքերն ու եկեղեցիները երևի զզվել են ամեն նոր նկարչի ձախողված կտավին հայտնվելուց:

Հ.Գ․ Հրանտ Մաթեւոսյանը հարցազրույցներից մեկում կանխատեսել է, որ գալիք պատերազմում մարշալների փոխարեն կոմպյուտերներն են կռվելու և զգուշացրել, որ մենք մնացել ենք Սասունի լեռներում: Ծանրագույն պարտությունից հետո էլ այնտեղ ենք: Թե չէ հայ հոգևորականը Տավուշում աշխարհազոր ստեղծելու կոչ չէր անի»: