Քաղաքական

Վարչապետը՝ բանակցային գործընթացի մասին

Մենք երջանիկ չենք, որ Արցախը, Արցախի նախկին ղեկավարների ձեռամբ, որոնք հետագայում դարձան Հայաստանի ղեկավար, դուրս մղվեց բանակցային գործընթացից՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսի ժամանակ։

«Մենք դա համարում ենք բանակցային գործընթացի համար աղետաբեր, բայց այսօր փաստը կա այդպիսի, որ դա է իրավիճակը: Իհարկե, ՀՀ-ն պարզ է, որ իր այսօրվա բանակցային կարգավիճակով ունի առաջնային պատասխանատվություն այդ հարցում. ո՞վ է դա երբևէ կասկածի տակ դրել»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից գաղտնիքներ է բացահայտելու, որոնք կհերքեն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, վարչապետն ընդգծել է, թե ամբողջ ինֆորմացիային, որին կարող է տիրապետել Սերժ Սարգսյանը, այդ ինֆորմացիային տիրապետում է նաև ինքը. այդ ինֆորմացիան 2018 թվականից դրված է իր սեղանին:

«Ես բացառում եմ, որ կարող է լինել օբյեկտիվորեն գոյություն ունեցող մի փաստ, որին ես այսօր չեմ տիրապետում կամ 2018 թվականին չեմ տիրապետել: Թող հրապարակեն, ո՞վ է արգելում. կներեք, տարուց ավելի է՝ փաստեր են հրապարակում»,- նշել է նա։

Փաշինյանը նաև խոսել է բանակցային սեղանին դրված տարբերակների մասին՝ ընդգծելով, որ կարևոր է խնդրի կարգավորումն ինքնորոշման իրավունքի հիման վրա։

«Բայց մենք պետք է ասենք, որ այդ նույն մադրիդյան սկզբունքների շրջանակում տարածքային ամբողջականության սկզբունք էլ կա։ Ի վերջո, մենք պետք է հասկանանք՝ մեր դիվանագիտությունը շուտասելուկի վրա ենք հենում, թե ոչ շուտասելուկի վրա»,- ասել է նա՝ նշելով, որ իրավիճակն անհրաժեշտ է ճիշտ ախտորոշել։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կշահի Արցախը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման արդյունքում, ապա վարչապետը նշել է՝ Արցախը շահելու է անվտանգություն և բարեկեցության իր բաժինը։ «Շատ պարզ և ակնհայտ բան է»,- ասել է վարչապետը։