Միջազգային

«Ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի, երբ կողմերից մեկը սպառի իր հնարավորությունները»․ Քոչինյան

«Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքն ու հնարավոր ավարտը կախված է երկու կողմերի ռեսուրսներից». այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ռազմաքաղաքական փորձագետ Արեգ Քոչինյանը. «Կախված է, թե կողմերի մոտ մարդկային, ֆինանսական, տեխնիկական ռեսուրսներն ինչ վիճակում են»։

Քաղաքագետի խոսքով՝ պատերազմի ավարտի կանխատեսման տարբեր հաշվարկներ կան. «Որոշ փորձագետների խոսքով՝ մինչև մայիսի վերջ կավարտվի։ Բրիտանիայում էլ ասում են, որ առնվազն երկու տարի պատերազմը կընթանա, բայց որևէ կերպ կանխատեսել, թե թեժ գործողություններն ինչքան կտևեն, այս պահի դրությամբ դժվար է»։

Քոչինյանի կարծիքով՝ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների թեժ փուլի ամենահավանական ավարտը լինի, երբ ինչ-որ ստատուս քվո, զորքերի շփման գիծ ստեղծվի, որից ոչ մի կողմն առաջ չի գնա, ու վիճակը կսառի. «Սառչելը կբերի լուծման, թե իրավիճակի շիկացումների, չենք կարող ասել, բայց ամենահավանականը ստատուս քվոյի ստեղծումն է, թե երբ, դժվար է ասել»։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարած՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների՝ Թուրքիայում սպասվելիք հանդիպմանը, Քոչինյանն ասաց. «Թուրքիայի նախագահի միջնորդությունը կարող է հաշտության առիթ լինել, բայց ոչ՝ հիմնական պատճառ։ Թուրքիան կարող է հարթակ կամ ինչ-որ միջոց դառնալ, բայց պատերազմի ավարտի պատճառը կլինի միայն այն, երբ կողմերից մեկը կսպառի պատերազմի վարման հնարավորությունները, կամ կկորչի պատերազմի վարման իմաստը»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկակի ստանդարտներ է անվանել Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ երկիրը միաժամանակ օգնություն է ցուցաբերում Ուկրաինային և հյուրընկալում ռուս զբոսաշրջիկների, նաև՝ հորդորել է ընտրություն կատարել այդ հարցում։ Անդրադառնալով Զելինսկու հայտարարություններին՝ Քոչինյանն ասաց. «Ուկրաինան միայն Թուրքիայի հանդեպ չի սա ցուցաբերում, նա ամբողջ աշխարհին է փորձում մոբիլիզացնել՝ Ռուսաստանի դեմ ճնշումներ գործադրելու համար։ Միևնույն ժամանակ, Թուրքիան, ամեն դեպքում, փորձում է չեզոքություն պահել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հանդեպ՝ միևնույն ժամանակ նշելով, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։

Բոլոր երկրների հետ աշխատանքում հասնել հնարավոր առավելագույնի՝ Ռուսաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու տրամաբանության մեջ. Քոչինյանի կարծիքով՝ այս պահի դրությամբ սա է Ուկրաինայի արտաքին քաղաքականության բաղադրիչներից մեկը։

Ոսկեհատ Պողոսյան