Գերմանիայի իշխանությունները ձերբակալել են ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի զբոսանավը։ Ուսմանովը ԵՄ պատժամիջոցների ցուցակում էր՝ կապված Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետ։ Այս մասին չորեքշաբթի՝ մարտի 2-ին, հայտնել է Forbes-ը՝ հղում անելով զբոսանավերի բիզնեսով զբաղվող աղբյուրներին։
Ռուս օլիգարխի զբոսանավը վերանորոգման փուլում էր գտնվում Համբուրգի Blohm + Voss նավաշինարանում՝ 2021թ. հոկտեմբերից։ Ըստ ամերիկյան հրատարակության՝ մասնագետները, որոնք զբաղվում են նավի վերանորոգմամբ, չորեքշաբթի աշխատանքի չեն եկել, ինչը, հավանաբար, պայմանավորված է Ուսմանովի ունեցվածքը կալանքի տակ դնելու՝ Գերմանիայի իշխանությունների որոշմամբ։ Բացի զբոսանավից՝ Ուսմանովը առանձնատներ ունի Լոնդոնում, Մյունխենում և Մոնակոյում։
Ուսմանովի 156 մետրանոց «Դիլբար» զբոսանավի արժեքը գնահատվում է 600 մլն դոլար։ Այն օլիգարխի համար սարքել է գերմանական Lürssen նավաշինական ընկերությունը՝ 2016թ.։ Ինչպես նշում է թերթը, սա աշխարհի ամենամեծ մոտորային զբոսանավն է, որի անձնակազմը բաղկացած է 96 հոգուց։ Այն հագեցած է այդ դասի նավերի համար ամենամեծ լողավազանով, երկու ուղղաթիռներով, սաունայով, գեղեցկության սրահով և մարզասրահով։
Բացի զբոսանավից՝ Ուսմանովն ունի մի շարք անշարժ գույք Եվրոպայում, այդ թվում՝ առանձնատներ Լոնդոնում և Սուրեյում՝ 280 մլն դոլար ընդհանուր արժեքով, ինչպես նաև՝ դղյակներ Մյունխենում, Լոզանում, Մոնակոյում և Սարդինիայում։
VesselsValue վերլուծական կենտրոնի տվյալներով՝ բացի Ուսմանովից, 32 այլ ռուս միլիարդատերեր ևս ունեն Dilbar-ի կարգի սուպերզբոսանավեր։