Ուկրաինան Թուրքիայից նոր բայրաքթարներ է գնում
Միջազգային
3 Փետրվարի 2022, 13:59
Ուկրաինան հայտնել է Թուրքիայից նոր անօդաչու թռչող սարքեր գնելու իր մտադրության մասին։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Թուրքիայի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Bloomberg-ին տված հարցազրույցում։
Հունվարին Թուրքիան ստորագրել է Bayrak Makina-ից «Բայրաքթար Աքինջի» մարտական ԱԹՍ-ների արտահանման առաջին պայմանագիրը, որոնց շարժիչները կմատակարարի Ուկրաինան։ Սակայն, մինչ օրս չի նշվում, թե որ երկրի հետ է կնքվել այս պայմանագիրը։ 2021 թվականի նոյեմբերի 12-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարեց, որ երկրի երկու ընկերություններ՝ «Իվչենկո-պրոգրես» պետական ձեռնարկությունը և «Մոտոր Սիչ» ձեռնարկությունը, պայմանագրեր են ստորագրել թուրքական անօդաչու թռչող սարքերի համար շարժիչների մատակարարման համար:
Թուրքիան վերջին տարիներին հիմնել է մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրություն ոչ միայն իր զինված ուժերի կարիքները հոգալու, այլ նաև արտահանման համար։ Այս պահին «Բայրաքթար» TB2 անօդաչու թռչող սարքը շահագործում է արդեն վեց պետություն՝ Ադրբեջանը, Քաթարը, Լիբիան, Մարոկկոն, Լեհաստանը և Ուկրաինան։ Այս տեսակի անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում։
Հետևեք մեզ Telegram-ում