«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, թուրքական իշխանությունները կվերականգնեն Դիարբեքիրի Սուր վարչական շրջանում գտնվող 16-րդ դարի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին: Վերջին անգամ այն վերանորոգվել է 1840 թվականին, դրա մասին արձանագրությունը պահպանված է Դիարբեքիրի հնագիտական թանգարանում: Անցած տարի Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն ու նրան ուղեկցող պատվիրակությունը այցելել էր Դիարբեքիրի նահանգապետ Մունիհ Քարալօղլուին և բարձրացրել այս եկեղեցու պահպանության հարցը:
2021-ի դեկտեմբերի վերջին եկեղեցու վերականգնման համար Դիարբեքիրի գեոդեզիայի և հուշարձանների տնօրինության կողմից մրցույթ էր հայտարարվել: Հաղթած ընկերության հետ 947 հազար 640 լիրայի (շուրջ 70 հազար դոլար) պայմանագիր է ստորագրվել: Արդեն սկսվել են չափագրման և եկեղեցու պահպանված հատվածների նյութերի ուսումնասիրման աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի վերականգնել կառույցի նախնական տեսքը: Սուրբ Սարգիսը հայտնի է նաև Բրնձե եկեղեցի անունով, քանի որ 1950-1985 թվականներին այն օգտագործվել է որպես բրնձի մշակման ֆաբրիկա: