Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա աշխարհում ամենապահանջված թավջութակահարներից Դանիել Մյուլլեր-Շոթը, որը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայացնի թավջութակի երկացանկի ամենասիրված ու գեղեցիկ գործերից՝ Դվորժակի Թավջութակի կոնցերտը, թիվ 8 Սիմֆոնիան: Համերգը, որը կղեկավարի Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, տեղի կունենա հունվարի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հեղինակավոր The New York Times-ը Մյուլլեր Շոթին որակել է որպես անվախ թավջութակահար՝ փայլուն տեխնիկայով, իսկ համերգներից մեկը նկարագրել է՝ գրելով, որ մագնիսական ձգողականությամբ գերմանացի թավջութակահարը ադրենալինի մեծ չափաբաժին է ներարկել: