Տեխնէ

Հավանություն են տվել Tesla-ի՝ մոտ 1 տրլն դոլար փոխհատուցման փաթեթին

Հավանություն են տվել Tesla-ի՝ մոտ 1 տրլն դոլար փոխհատուցման փաթեթին

Tesla-ի բաժնետերերը հավանություն են տվել ընկերության հիմնադիր Իլոն Մասկի ռեկորդային փոխհատուցման փաթեթին, որը կարող է կազմել գրեթե 1 տրիլիոն դոլար: Աննախադեպ չափի բոնուսը հավանության է արժանացել Tesla-ի բաժնետերերի 75%-ի կողմից։

Համաձայնագիրը պարտավորեցնում է Մասկին՝ մոլորակի ամենահարուստ մարդուն, առաջիկա տարիներին զգալիորեն բարձրացնել էլեկտրամոբիլներ արտադրող ընկերության շուկայական արժեքը և հասնել այլ ցուցանիշների: Եթե նա հաջողի, կպարգևատրվի Tesla-ի հարյուրավոր միլիոնավոր նոր բաժնետոմսերով:

Ինչպես նշում է CNN-ը, պոտենցիալ վճարումը կարող է Մասկին դարձնել պատմության առաջին տրիլիոնատերը: Հոկտեմբերի սկզբին գործարարը դարձել էր առաջին մարդը, ում կարողությունը հասել է 500 միլիարդ դոլարի:

Այժմ Tesla-ի շուկայական կապիտալիզացիան կազմում է մոտ 1,4 տրիլիոն դոլար՝ Մասկին անհրաժեշտ է այն հասցնել 8,5 տրիլիոն դոլարի առաջիկա 10 տարիների ընթացքում: Նրան նաև պետք է առևտրային շահագործման հանձնի մեկ միլիոն Tesla Robotaxi ինքնակառավարվող մեքենա:

«Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, ոչ թե Tesla-ի ապագայի նոր գլուխ է, այլ բոլորովին նոր գիրք», — ասել է Մասկը Թեխաս նահանգի Օսթինում ժողովի մասնակիցներին: «Այլ բաժնետերերի ժողովները ձանձրալի միջոցառումներ են, իսկ մերը՝ պայթյունավտանգ: Սա զարմանալի է»:

Հավանության արժանացած փաթեթը նախատեսված է Մասկին Tesla-ում պահելու առնվազն 7,5 տարի ժամկետով: Սա թույլ կտա նրան ընկերությունում իր բաժնեմասը 12%-ից բարձրացնել ավելի քան 25%-ի:

Մասկն ավելի վաղ Tesla-ի պոտենցիալ աճը բնութագրել էր որպես անսահմանափակ՝ հայտարարելով, որ ընկերությունը կդառնա աշխարհի ամենաթանկը, եթե իրականացնի ինքնակառավարվող վարման և արհեստական բանականության ոլորտի ծրագրերը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական