OpenAI ընկերությունը նախատեսում է ChatGPT հարթակում թույլատրել ավելի լայն տեսակի բովանդակություն, այդ թվում՝ էրոտիկա, որը հասանելի կլինի միայն հաստատված չափահաս օգտատերերի համար։ Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը՝ նշելով, որ նոր մոտեցումը նպատակ ունի «չափահասներին վերաբերվել որպես չափահասների»։
Ալթմանի խոսքով՝ առաջիկա տարբերակներում ChatGPT-ն կկարողանա գործել ավելի «մարդկային ձևով», սակայն այդ գործառույթը կլինի կամավոր և հասանելի միայն նրանց, ովքեր կհաստատեն իրենց տարիքը։ Նրա հայտարարությունը հիշեցնում է Իլոն Մասկի xAI ընկերության վերջին քայլը, որը Grok հարթակում ներդրել է երկու սեռական բնույթի chatbot։ Վերլուծաբանների կարծիքով՝ OpenAI-ի այս որոշումը կարող է նպաստել վճարովի բաժանորդագրությունների աճին։
Այս փոփոխությունները հաջորդում են դատական գործին, որը հարուցվել էր ԱՄՆ-ում՝ 16-ամյա Ադամ Ռեյնի մահվան կապակցությամբ։ Նրա ծնողները մեղադրել էին OpenAI-ին՝ պնդելով, որ ChatGPT-ի ծնողական վերահսկման համակարգը բավարար չէր։ Ալթմանի խոսքով՝ ընկերությունը նախկինում միտումնավոր սահմանափակել էր ChatGPT-ի հնարավորությունները՝ հոգեկան առողջության հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Այժմ, ըստ նրա, OpenAI-ն մշակել է գործիքներ, որոնք թույլ կտան «անվտանգ կերպով թուլացնել սահմանափակումները»։
Փորձագետների գնահատմամբ՝ ChatGPT-ի հաջողությունը ստիպում է ընկերությանը շարունակել աճի արագ տեմպը և ամրապնդել դիրքերը շուկայում։