Ամերիկյան SpaceX ընկերությունը հաջողությամբ իրականացրել է պատմության ամենամեծ տիեզերանավի՝ Starship-ի՝ տասնմեկերորդ փորձնական արձակումը։
Թռիչքից հետո տիեզերանավի վերին աստիճանը հաջողությամբ իջեցվել է Հնդկական օվկիանոսում։ Այդ մասին հայտնել է ընկերությունը X սոցիալական ցանցում։
«Իջեցումն իրականացվել է։ Շնորհավորում ենք SpaceX-ի ամբողջ թիմին Starship-ի տասնմեկերորդ փորձնական թռիչքի հաջող ավարտի կապակցությամբ»,– ասված է ընկերության X-ի միկրոբլոգի հայտարարության մեջ։
Թռիչքի ընթացքում տիեզերք են դուրս բերվել Starlink արբանյակների մի շարք մոդելներ։
Սա վերջին փորձնական արձակումն էր նախքան SpaceX-ի թեստը նոր գործառույթով՝ Լուսին և Մարս ուղղված առաքելությունների համար։
Տիեզերանավն արձակվել է Տեխասի Starbase տիեզերակայանից։ Մոտ տասը րոպե անց Super Heavy արագացուցիչը իջեցվել է Մեքսիկական ծոցում, իսկ վերին աստիճանը՝ Հնդկական օվկիանոսում՝ նախապես ուղեծիր դուրս բերելով արբանյակների մոդելները։
Starship-ը Super Heavy-ի հետ միասին ունի 123 մետր բարձրություն, ինչը այն դարձնում է ամենամեծ և ամենահզոր տիեզերական հրթիռը ոչ միայն SpaceX-ի, այլև ողջ տիեզերագիտության պատմության մեջ։ Ընկերությունը նախատեսում է Starship-ը դարձնել բազմակի օգտագործման տիեզերանավ, ինչը զգալիորեն կնվազեցնի տիեզերական թռիչքների ծախսերը։
SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկն ավելի վաղ հայտարարել էր, որ 2026 թվականին Starship-ը կկարողանա ուղևորվել դեպի Մարս։ ԱՄՆ-ի Ազգային տիեզերական գործակալությունը (NASA) նախատեսում է այն օգտագործել նաև Լուսնի մարդատար առաքելությունների համար։ Starship-ի փորձնական արձակումները սկսվել են 2023 թվականից։