Ամերիկյան ավտոգիգանտ Tesla-ն ներկայացրել է իր ամենապահանջված մոդելների՝ Model Y-ի և Model 3-ի ավելի մատչելի տարբերակները ԱՄՆ շուկայում՝ փորձելով խթանել վաճառքները։ Նոր մոդելների շնորհանդեսը հիասթափեցրել էր ներդրողներին, և Tesla-ի բաժնետոմսերը նվազել են շուրջ 4%-ով։ Նոր տարբերակները նախորդներից էժան են ընդամենը 5000 դոլարով։
Tesla-ն վերջին շրջանում կորցնում է շուկայական դիրքերը՝ աճող մրցակցության և մատչելի մոդելների պակասի պատճառով։ Թեև այս տարի ընկերությունը թողարկել է Model Y-ի նոր տարբերակ, այնուամենայնիվ, երկար սպասված էժան էլեկտրական մեքենան, որին խոստացել էր Իլոն Մասկը, այդպես էլ չի ստեղծվել։

Չնայած Մասկի ուշադրությունը տեղափոխվել է արհեստական բանականության ուղղությամբ, Tesla-ն շարունակում է կախված մնալ իր հիմնական՝ ավտոմոբիլային բիզնեսից, որն այժմ ճնշման տակ է մի քանի ուղղություններով։ Ընկերությունը բախվում է ԱՄՆ կառավարության կողմից էլեկտրական մեքենաների աջակցության կրճատմանը, չինական արտադրողների աճող մրցակցությանը և սպառողների դժգոհությանը՝ Մասկի քաղաքական դիրքորոշումների պատճառով։
Tesla-ի վերջին խոշոր նորամուծությունը՝ Cybertruck-ը, նույնպես սպասելի հաջողություն չի գրանցել։ 2023-ից ի վեր ԱՄՆ-ում վաճառվել է ընդամենը մոտ 52 հազար միավոր, ինն զգալիորեն ցածր է կանխատեսված ցուցանիշներից։