Ամերիկյան տիեզերական գործակալությունը՝ NASA-ն, հայտարարել է, որ ծրագրում է 2026 թ. փետրվարին չորս հոգուց կազմված անձնակազմով տիեզերանավ ուղարկել Լուսնի շուրջ տասնօրյա ճանապարհորդության։ Սա կլինի «Արտեմիս» ծրագրի երկրորդ փուլը, որի վերջնական նպատակը մարդու վայրէջքն է Լուսնի վրա և այնտեղ երկարաժամկետ ներկայության ապահովումը։
Նախապես NASA-ն հայտարարել էր, որ «Արտեմիս-2» առաքելության մեկնարկը տեղի կունենա 2026 թվականի ապրիլից ոչ ուշ, սակայն այժմ գործակալությունը նպատակ ունի այն ավելի շուտ իրականացնել։ Ինչպես հայտնում է BBC-ն, վերջին անգամ Լուսին մարդ է ուղարկվել 1972 թվականին՝ «Ապոլոն-17» առաքելության ընթացքում։
Նախագծով նախատեսվում է տիեզերք ուղարկել չորս անձի՝ Ռիդ Ուայզմանին, Վիկտոր Գլովերին, Քրիստինա Քոխին (NASA) և Ջերեմի Հանսենին (Կանադայի տիեզերական գործակալություն)։ Թեև նրանք չեն վայրէջք չեն կատարի Լուսնի վրա, սակայն կդառնան առաջին անձնակազմը, որը «Ապոլոն-17»-ից հետո առաջին անգամ կանցնի Երկրի ուղեծրից դուրս։
NASA-ի ղեկավարության խոսքով՝ եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, առաքելության մեկնարկի պատուհանը կարող է բացվել արդեն 2026 թվականի փետրվարի 5-ին։ Սակայն, ինչպես նշել է NASA-ի վարչական փոխտնօրեն Լաքիշա Հոքինսը, իրենց հիմնական առաջնահերթությունը մնում է անվտանգության ապահովումը.
«Միասին մենք կմտնենք պատմության առաջին շարքերը», – հայտարարել է նա մամուլի ասուլիսի ընթացքում։
Հրթիռի արձակման պատասխանատու տնօրենի խոսքով՝ տիեզերագնացի արտակարգ հզոր Space Launch System (SLS) հրթիռն արդեն գրեթե պատրաստ է արձակման։