ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Մադրիդում կայացած բանակցությունների ընթացքում Վաշինգտոնն ու Պեկինը TikTok-ի՝ ամերիկյան ստորաբաժանումների սեփականության իրավունքի փոխանցման հարցում հասել են շրջանակային համաձայնության։ Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը այս գործարքը կավարտեն ուրբաթ օրը։
Սոցիալական տեսահարթակ TikTok-ը ստեղծվել և գործարկվել է 2018 թվականի ամռանը չինական ByteDance ստարտափի կողմից և ներկայումս ունի ավելի քան մեկ ու կես միլիարդ օգտատեր 150 երկրում։ Նրանց մեծամասնությունը դեռահասներ են։
Չնայած ընկերությունը միշտ շեշտել է TikTok-ի միջազգային բնույթը, իր անկախությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունի իշխանություններից, մի շարք երկրներում հարթակը կասկածում են հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ և դիտարկում որպես Պեկինի գլոբալ ռազմավարության գործիք։
Սկսած 2020 թվականից՝ TikTok-ը սկսել է դժվարությունների բախվել այն շուկաներում, որտեղ ունի ամենամեծ թվով օգտատերեր։ Օրինակ՝ Հնդկաստանը ժամանակավորապես արգելափակել էր հարթակը, իսկ Դոնալդ Թրամփը դեռ իր առաջին նախագահական ժամկետից սկսած սպառնում էր ամբողջությամբ արգելել սոցիալական ցանցը ԱՄՆ տարածքում։
Արգելքից խուսափելու նպատակով՝ TikTok-ի չինացի սեփականատիրոջը առաջարկվել էր լուծում՝ գտնել գնորդ իր ամերիկյան ստորաբաժանումների համար։