Գերմանիայի ազգային երկաթուղային ընկերությունը՝ Deutsche Bahn (DB), դեռ չի կարողանում վերականգնել իր երբեմնի բարձր հեղինակությունը․ վագոնների մեծ մասը շարունակում է ժամանել ուշացումով։
Ըստ BILD-ի, ս.թ. օգոստոսին ժամանակին հասել է գնացքների միայն 59,5%-ը, ինչը փոքր-ինչ ավելի լավ է, քան հուլիսին գրանցված 56%-ը։ Տարվա առաջին կեսին ցուցանիշները տատանվել են 57,1%-66,9%։
Չնայած փոքր առաջընթացին, ընկերությունը չի հասնի այս տարվա համար նախանշված 65% նպատակին։ Ընդ որում, DB-ի ղեկավար Ռիխարդ Լուցը, ով շուտով կհեռանա պաշտոնից, սպասվում է, որ կստանա միլիոնավոր եվրոների հրաժարագին։
Ընկերությունում ուշացումները բացատրում են շինարարական աշխատանքներով, ենթակառուցվածքային խնդիրներով և լայնածավալ վերակառուցման ծրագրերով։ Գերմանիայի տրանսպորտի նախարար Պատրիկ Շնիդերը պահանջում է 80-90% ցուցանիշ, սակայն DB-ում դա համարում են անիրատեսական։
Ընկերությունը նախատեսում է մինչև 2035 թ․ ներդնել շուրջ 110 միլիարդ եվրո և ամբողջությամբ վերակառուցել 40 հիմնական երկաթուղային գծերը։ Սա, սակայն, կնշանակի երկարատև շինարարություն և նոր ուշացումներ։