YouTube-ը հայտարարել է նոր քայլի մասին․ հարթակը սկսում է օգտագործել արհեստական բանականություն՝ օգտատերերի տարիքը որոշելու համար՝ երեխաներին անպատշաճ բովանդակությունից պաշտպանելու նպատակով։ Նոր համակարգը կփորձի պարզել՝ օգտատերը չափահաս է, թե անչափահաս՝ ելնելով նրա դիտած տեսանյութերից, որոնումներից և հաշվի ակտիվությունից։
Եթե AI-ը որոշի, որ օգտատերը անչափահաս է, նրա հաշվին ավտոմատ կգործեն պատանեկան անվտանգության սահմանափակումներ․ որոշ բովանդակությունն անհասանելի կլինի, անհատականացված գովազդները կանջատվեն, կավելացվեն «դադար վերցնելու» հիշեցումներ։ Եթե չափահաս օգտատերը սխալմամբ ճանաչվի անչափահաս, նա ստիպված կլինի ապացուցել իր տարիքը՝ ներկայացնելով անձնագիր, բանկային քարտ կամ սելֆի։ Սա արդեն մտահոգություն է առաջացրել օգտատերերի մոտ, որոնք վախենում են իրենց անձնական տվյալների անվտանգությունից։ Սոցցանցերում տարածվում է նաև #boycottyoutube հեշթեգը։
Այս քայլը մաս է կազմում սոցիալական հարթակների ավելի լայն գործընթացի, որը նպատակ ունի կանխել երեխաների կողմից կեղծ տարիքով գրանցումները։ Նմանատիպ մոտեցումներ արդեն կիրառել են Meta-ն Instagram-ում, TikTok-ը և մի շարք այլ հարթակներ։