Օգոստոսի 19-ին Երկրի վրա սպասվում է արդեն երկրորդ մագնիսական փոթորիկը այս ամսվա ընթացքում, որը կարող է տևել 1-2 օր. հայտնել են Ռուսաստանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայից։
Ըստ մասնագետների՝ մագնիսական տատումները պայմանավորված են Արևի վրա հայտնաբերված նոր կորոնալ անցքով, որը զգալի ազդեցություն կունենա Երկրի մագնիսական դաշտի վրա։ Փոթորկի գագաթնակետը կանխատեսվում է օգոստոսի 19-ին, իսկ գեոմագնիսական միջավայրը այդ օրերին կլինի ծայրահեղ անկայուն։
Տեղեկությունների համաձայն՝ արևի այդ մուգ կառուցվածքը՝ մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով, զբաղեցնում է արևային սկավառակի մեծ մասը և հանդիսանում է բարձր արագությամբ արևային քամու աղբյուր։ Երկրի մերձակայքում քամու արագությունը, երկուշաբթի օրվանից սկսած, կարող է հասնել մինչև 800-900 կմ/վրկ՝ ներկայիս 300 կմ/վրկ-ի փոխարեն։
Հիշեցնենք, որ նմանատիպ ուժգնությամբ մագնիսական փոթորիկներ արձանագրվել էին նաև օգոստոսի 8-9-ին, երբ Ռուսաստանի հյուսիսարևելյան շրջաններում նկատվել էին բևեռափայլեր։ Նման երևույթների հավանականությունը մեծ է նաև օգոստոսի 19-ի գիշերը, այդ թվում՝ Ռուսաստանի եվրոպական հատվածում։