Տեխնէ

Ultra 3․ Apple-ի առաջին ժամացույցը՝ արյան ճնշման վերահսկման գործառույթով

Apple Watch Ultra 3 խելացի ժամացույցը կթողարկվի ս․թ․ սեպտեմբերին՝ ընդլայնելով Ultra շարքի հնարավորություննեն՝ առանց դիզայնի փոփոխման, բայց մի շարք տեխնիկական արդիականացումներով։ 

Թեև արտաքին տեսքով ժամացույցը պահպանում է նախորդ մոդելի ձևավորումը, ներսում այն զգալիորեն կատարելագործված է։ Նոր շրջանկյուն OLED էկրանն ավելի մեծ է և լայն դիտանկյուն ունի, ինչն ապահովում է տեսանելիություն անգամ ուժեղ արևի տակ։

Ultra 3-ն աշխատում է նոր S11 չիպով, որը զգալիորեն բարելավում է ընդհանուր աշխատանքը, հավելվածների արձագանքման արագությունն ու էներգախնայողությունը։ Սա հատկապես կարևոր է սպորտային և առողջական մշտադիտարկման երկարատև օգտագործման պարագայում։

Ultra 3-ն այժմ աջակցում է նաև 5G կապ, ինչը թույլ է տալիս ժամացույցից օգտվել նույնիսկ առանց հեռախոսի՝ արագ տվյալների փոխանակման և կայուն կապի շնորհիվ։ Սա մեծ առավելություն է հատկապես վազքի, հեծանվավազքի կամ արշավների ժամանակ։

Առաջին անգամ Ultra 3-ում ներկայացվում է արյան ճնշման վերահսկման գործառույթ, ինչը մի քայլ առաջ է առողջապահական ֆունկցիոնալության ոլորտում։ Օգտատերերը կկարողանան պարբերաբար ստուգել ճնշման ցուցանիշներն՝ առանց լրացուցիչ սարքերի։

Apple Watch Ultra 3-ը նախատեսվում է հասանելի դարձնել 2025 թվականի սեպտեմբերից, ամենայն հավանականությամբ, iPhone 17 շարքի հետ։