Տեխնէ

Siri-ն կսովորի կառավարել հավելվածները․ Apple-ը ներկայացնում է App Intents-ը

Apple-ը նախատեսում է 2026 թվականի գարնանը գործարկել App Intents ֆունկցիան. գրում է Bloomberg-ը։ Այն Siri-ին թույլ կտա օգտատիրոջ փոխարեն գործողություններ կատարել հավելվածներում։

App Intents-ը կազմում է Apple Intelligence-ի՝ ընկերության սեփական արհեստական բանականության համակարգի առանցքային մասը։ Այն նախատեսվում էր ներառել դեռևս 2024-ին հայտարարված նոր AI ֆունկցիաների փաթեթում՝ iOS 18-ի թողարկման շրջանակում, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով գործառույթը կհայտնվի iOS 26.4 տարբերակում։

App Intents-ը մշակողներին հնարավորություն է տալիս «ինդեքսավորել» իրենց հավելվածների օբյեկտները, որպեսզի Siri-ն կարողանա հասկանալ հավելվածների ներքին կառուցվածքը և տրամադրել օգտատիրոջ հարցմանը համապատասխան արդյունքներ։

Սրա շնորհիվ Siri-ն կկարողանա՝

  • Ավտոմատ կերպով կատարել օգտատիրոջ պահանջները հավելվածներում,
  • Հսկել գործողությունները տարբեր ծրագրերում՝ առանց ձեռքով մուտք գործելու,
  • Ունենալ ավելի խոր ինտեգրում iPhone-ի այլ հավելվածների հետ։
  • Ընդլայնված Siri և հնարավոր սահմանափակումներ

Նոր սերնդի Siri-ն, որը կթողարկվի նույն ժամանակահատվածում, կստանա զգալի բարելավումներ՝ շնորհիվ App Intents տեխնոլոգիայի։ Սակայն, ըստ Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանի, ֆունկցիան սկզբում չի գործի բոլոր հավելվածներում։

Գործառույթի փորձարկման նպատակով Apple-ը համագործակցում է մի շարք խոշոր ընկերությունների հետ, ներառյալ՝ Uber, Amazon, YouTube։ Սակայն ընկերությունը կարող է սահմանափակել կամ ընդհանրապես արգելել App Intents-ի կիրառումը զգայուն ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսները և բժշկությունը։

Գուրմանի հաղորդմամբ՝ Apple-ում որոշ ինժեներներ մտավախություն ունեն App Intents-ի ճշգրտության վերաբերյալ, հատկապես, երբ խոսքը գնում է կենսական նշանակություն ունեցող գործողությունների մասին․

«Իմ աղբյուրների փոխանցմամբ, ընկերության ներսում որոշ անհանգստություններ կան։ Ինժեներները ջանք չեն խնայում՝ ապահովելու, որ համակարգը բավարար ճշգրտությամբ աշխատի, հատկապես այն դեպքերում, երբ սխալը կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- նշել է Գուրման։

Ընդհանուր առմամբ, App Intents-ը Apple-ի մեծ քայլերից է դեպի խորը AI ինտեգրում, որն ի վերջո կարող է փոխել օգտատեր-հավելված փոխգործակցության ձևաչափը։