Տեխնէ

Google-ը ներկայացրել է Genie 3-ը. ի՞նչ նորարարություններ ունի այն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Google-ը ներկայացրել է Genie 3 նեյրոցանցը, որը կարող է իրական ժամանակում ստեղծել փոխազդեցիկ թվային միջավայրեր՝ հիմնվելով պարզ տեքստային կամ պատկերային հրահանգների վրա։ Նոր մոդելն ապահովում է HD լուծաչափով տեսապատկեր (720p, 24 կադր/վրկ)։ Genie 3-ի կարևորագույն առաջխաղացումներից մեկն ընդլայնված հիշողության հնարավորությունն է։ Եթե նախորդ՝ Genie 2 տարբերակը ունակ էր գեներացված միջավայրի տեսողական ամբողջականությունը պահել ընդամենը 10 վայրկյան, ապա Genie 3-ում այդ ցուցանիշը հասնում է մի քանի րոպեի։ Սա նշանակում է, որ միջավայրի օբյեկտներն ու վայրերը չեն «կորչում» տեսադաշտից դուրս գալուց հետո, այլ պահպանվում են, և հնարավոր է վերադառնալ դրանց։

Genie 3-ը հնարավորություն է տալիս միջավայրը փոփոխել ընթացիկ ռեժիմում՝ տեքստային հրամանների միջոցով։ Օգտատերը կարող է ավելացնել նոր օբյեկտներ, փոխել եղանակը, ստեղծել կերպարներ և այլն։

Չնայած առաջընթացին, մոդելը դեռ չի կարող վերարտադրել իրական աշխարհից վերցված միջավայրեր, իսկ մարդկանց շարժման և տեքստերի վերարտադրությունը երբեմն անճշտություններով է։

Genie 3-ը ներկայումս փակ հասանելիության փուլում է, և հասանելի կլինի միայն սահմանափակ թվով հետազոտողների։