ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին, որը վերջերս նշանակվել է NASA-ի ժամանակավոր ղեկավար, այս շաբաթ հայտարարելու է Լուսնի վրա միջուկային ռեակտոր կառուցելու արագացված ծրագրի մասին։ Այս քայլը կդառնա նրա առաջին նշանակալի նախաձեռնությունը նոր պաշտոնում. հաղորդում է Politico-ն։
NASA-ն նախկինում արդեն քննարկել էր նման նախագիծ, սակայն Դաֆիի հրահանգը ստեղծում է հստակ ժամկետներ՝ մինչ 2030 թվականը Լուսնի ուղարկել 100 կիլովատտ հզորությամբ ռեակտոր։ Նպատակն է՝ ամրապնդել ԱՄՆ դիրքերը տիեզերքում, հատկապես, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ Լուսնի ծրագրերի ֆոնին։
Նախագիծը ենթադրում է մասնավոր հատվածի ներգրավում, և NASA-ն նախատեսում է առաջիկա 60 օրվա ընթացքում ստանալ առաջարկներ։ Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ գործակալությունը բյուջետային մեծ կրճատումների է ենթարկվում՝ միևնույն ժամանակ ավելացնելով մարդատար թռիչքների ֆինանսավորումը։
Բացի այդ, Դաֆին նաև հանձնարարել է արագացնել Միջազգային տիեզերակայանի փոխարինումը մասնավոր կայաններով։ NASA-ն մտադիր է պայմանագիր կնքել առնվազն երկու ընկերության հետ 6 ամսվա ընթացքում և նոր տիեզերակայան ուղարկել մինչև 2030թ․։
Այս նախաձեռնությունները համապատասխանում են Թրամփի վարչակազմի նպատակներին՝ ամրապնդել ԱՄՆ-ի ներկայությունը Լուսնի վրա և Մարսում, հաղթելով «երկրորդ տիեզերական մրցավազքում»։