Տեխնէ

Արեգակի վրա արձանագրվել են պլազմայի հսկայական ժայթքումներ

Արեգակի վրա արձանագրվել են պլազմայի հսկայական ժայթքումներ

Չնայած Արեգակի արտաքուստ հանդարտ վիճակին՝ վերջին օրերին գիտնականները շարունակում են արձանագրել պլազմանյութի հսկայական ժայթքումներ ուղիղ տիեզերք։ Վերջին դեպքը տեղի է ունեցել այսօր՝ միաժամանակ Արեգակի ձախ և աջ եզրերից։ Ըստ մասնագետների՝ հատկապես տպավորիչ էր աջ կողմի պրոտուբերանցը, որն իր վերջնական փուլում համարյա գերազանցել է Արեգակի չափերը, որից էլ առանձնացել էր։

Նշվում է, որ այս նույն պրոտուբերանցը գրեթե մեկ շաբաթ դիտարկվում էր հենց Արեգակի այն հատվածում, որն ուղղված է դեպի Երկիր։ Եթե այդ ժայթքումը տեղի ունենար այդ պահին, հնարավոր էր՝ Երկիրն ունենար լուրջ գեոմագնիսական և ճառագայթային ազդեցություններ։ Բարեբախտաբար, այժմ նման վտանգ չկա, քանի որ պլազմայի ուղղությունն ակնհայտորեն հեռու է Երկրից։

Տվյալ պլազմային արտազատման ուղղությամբ այժմ գտնվում է Վեներա մոլորակը, և, ըստ կանխատեսումների, պլազմայի հարվածը Վեներային կհասնի վաղը։ Մյուս՝ ձախ պրոտուբերանցը շարժվում է Մարսի ուղղությամբ, որը կհասնի նրա ուղեծրին մոտավորապես հուլիսի 6-ին։

Գիտնականները նշում են, որ նման խոշոր պրոտուբերանցների ակտիվացումը, ամենայն հավանականությամբ, կապված է Արեգակի բռնկիչ ակտիվության կտրուկ նվազման հետ։ 

Մասնագետները, միաժամանակ, զգուշացնում են. Արեգակի այն հատվածում, որը ներկայումս ուղղված է դեպի Երկիր, նոր պրոտուբերանցներ են ձևավորվում, և դեռ վաղ է լիովին հանգստանալ։ Միայն կարելի է հուսալ, որ դրանց ուղիները նույնպես կշեղվեն Երկրից՝ ուղևորվելով դեպի այլ մոլորակներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական