ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում «Tesla»-ն կիրակի օրը գործարկել է իր ինքնավար տաքսիների առաջին փորձնական ծառայությունը։ Դրա շրջանակում մեքենաները առանց վարորդի տեղափոխում են վճարող ուղևորներին։ Ըստ գլխավոր տնօրեն Իլոն Մասկի՝ այս քայլը համարվում է շրջադարձային ընկերության համար։
«Սա 10 տարվա ծանր աշխատանքի գագաթնակետն է»,- գրել է Մասկը իր սոցիալական հարթակում՝ X-ում։ Նա նշել է, որ «Tesla»-ի արհեստական բանականության չիպերն ու ծրագրաշարերը ամբողջությամբ ստեղծվել են ընկերության ներսում, սկսած զրոյից։
Սոցիալական ցանցերում հրապարակվախ տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են առանց վարորդի Tesla-ները տեղաշարժվում Օսթին քաղաքի South Congress թաղամասում։ Մեքենաներում տեղադրված են «անվտանգության դիտորդներ», որոնք նստած են առջևի ուղևորի նստատեղին։ Այս փուլում մոտ 10 մեքենայով իրականացվում է սահմանափակ փորձարկում։
Tesla-ն օրեր առաջ հրավերներ էր ուղարկել մի խումբ ընտրյալ բլոգերների և ինֆլուենսերների՝ մասնակցելու փորձնական ռոբոտաքսի ծառայությանը։ Այն գործում է սահմանափակ տարածքում և վերահսկվող պայմաններում։ Ըստ Մասկի՝ յուրաքանչյուր ուղևորություն արժե 4․20 դոլար։