Տեխնէ

Սապատավոր կետերը կարող են փորձել շփվել մարդկանց հետ

Marine Mammal Science ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սապատավոր կետերը կարող են փորձել շփվել մարդկանց հետ՝ օգտագործելով փուչիկներից կազմված օղակներ, որոնց չափն ու խորությունը կարողանում են կառավարել։

Նման օղակներ սապատավոր կետերը սովորաբար արձակում են որսի ժամանակ, զուգավորման մրցակցության ընթացքում կամ օգնելու համար այլ կենդանիներին, որոնք հայտնվել են գիշատիչների վտանգի տակ։

Սակայն գիտնականները արձանագրել են, որ այս օղակները կետերը հաճախ ստեղծում են նաև մարդկանց՝ լողորդների կամ նավակների հայտնվելու ժամանակ։ Դրանից բացի, կետերն այդ իրավիճակներում կամավոր են մոտենում մարդկանց։

Ուսումնասիրության ընթացքում դիտարկված 12 դեպքերից 10-ում չեն արձանագրվել վտանգի, որսի կամ այլ կետերի առկայության նշաններ, ինչը կարող է վկայել այն մասին, որ այդ օղակները նախատեսված չէին կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների համար։

Գիտնականները ենթադրում են, որ սապատավոր կետերը փորձում են շփում հաստատել մարդկանց հետ։ Հետազոտողները նաև նշում են, որ նման հաղորդակցության ձևերի ուսումնասիրությունը կարող է ապագայում օգտակար լինել անգամ այլմոլորակային կյանքի հետ շփման մեթոդների որոնման ժամանակ։