Ճապոնացի գիտնականները մշակել են նոր տեսակի պլաստիկ, որը կարողանում է ամբողջությամբ՝ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, լուծվել ծովի ջրում։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս նորարարությունն առաջարկում է խոստումնալից լուծում պլաստիկի գլոբալ աղտոտման խնդրին, որը լուրջ սպառնալիք է ինչպես օվկիանոսներին, այնպես էլ վայրի բնությանը։
Հետազոտողները նշում են, որ իրենց մշակած նյութը քայքայվում է անհամեմատ ավելի արագ և լրիվ՝ առանց որևէ միկրոպլաստիկ կամ այլ վնասակար հետք թողնելու։
Վակո քաղաքում գտնվող լաբորատորիայում նրանք ցուցադրել են, թե ինչպես է պլաստիկի փոքր կտորը ամբողջությամբ անհետանում աղի ջրով լի տարայի մեջ՝ մոտ մեկ ժամ խառնելուց հետո։
Նոր նյութը քայքայվում է նաև հողում՝ աղի ազդեցության շնորհիվ․ 5 սմ-անոց կտորն ամբողջությամբ վերանում է ավելի քան 200 ժամ անց։
Թեև առևտրայնացման հստակ ծրագրեր դեռ չեն հրապարակվել, նախագծի ղեկավար Տակուզո Աիդան հայտնել է, որ իրենց աշխատանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել, հատկապես՝ փաթեթավորման ոլորտում։
Աիդայի խոսքով՝ այս պլաստիկը ո՛չ թունավոր է, ո՛չ այրվող և չի արտանետում ածխաթթու գազ։ Սա թույլ է տալիս խուսափել միկրոպլաստիկների կուտակումից՝ խնդիր, որն այսօր մեծ վտանգ է ներկայացնում ջրային էկոհամակարգերի և սննդային շղթայի համար։
Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը