Apple-ը պատրաստվում է իր բոլոր սարքերի օպերացիոն համակարգերի մասշտաբային վերանվանմանը. գրում է Bloomberg-ը։ Տարբերակների քանակի աստիճանական ավելացման փոխարեն նոր օպերացիոն համակարգերը կստանան թողարկման տարվան համապատասխան անվանումներ։ Այսպես, iOS 19-ը կդառնա iOS 26, իսկ մնացած համակարգերը նույնպես կստանան նույնատիպ անվանումներ՝ iPadOS 26, macOS 26, watchOS 26, tvOS 26, և visionOS 26։
Այս փոփոխությունների նպատակը բրենդավորման միատեսականացումը և տարբեր համակարգերի տարբերակները համահունչ դարձնելն է, որպեսզի դրանք առավել հասկանալի լինեն օգտատերերի և ծրագրավորողների համար։ Ներկայում տարբեր համակարգերը ունեն տարբեր տարբերակների համարներ, քանի որ դրանք գործարկվել են տարբեր տարիներին։ Օրինակ՝ այժմ գործող տարբերակներն են՝ iOS 18, watchOS 12, macOS 15 և visionOS 2։
Նոր մոտեցումը Apple-ը կհայտարարի հունիսի 9-ին կայանալիք WWDC համաժողովում։ Ներկայացվելու է նաև նոր ինտերֆեյսի դիզայն՝ Project Solarium, որը կծածկի բոլոր համակարգերը և կապահովի սարքերի միջև միասնական տեսք ու օգտագործման փորձ։ Դիզայնի փոփոխությունները կանդրադառնան նաև tvOS, watchOS և visionOS համակարգերին։
Նոր անվանումների մոտեցումը հիշեցնում է Samsung-ի և Microsoft-ի բրենդավորման քայլերը։ Samsung-ը, օրինակ, 2020-ից սկսած իր Galaxy S սմարթֆոններն անվանում է թողարկման տարվա անունով (օր.՝ Galaxy S20՝ փոխարեն Galaxy S11), իսկ Microsoft-ը դեռ 1995-ին գործարկել էր Windows 95-ը՝ հաջորդաբար Windows 98 և Windows 2000։ Apple-ի տարբերությունն այն է, որ անվանումը համապատասխանում է թողարկումից հետո հաջորդ տարուն, ինչպես ընդունված է ավտոարդյունաբերության մեջ։
Բացի անվանափոխությունից և դիզայնից, Apple-ը նախապատրաստում է մի շարք նոր ֆունկցիաներ։ Մասնավորապես․
- iPad-ը կստանա նոր հնարավորություններ, որոնք այն ավելի կմոտեցնեն Mac-ի գործունակությանը։
- AirPods-ով հնարավոր կլինի իրականացնել կենդանի թարգմանություններ։
- Siri ձայնային օգնականը կստանա խելամիտ բարելավումներ։
- Vision Pro-ն կստանա հայացքով կառավարելու ֆունկցիա։
- Առողջության և մարտկոցի խնայողության նոր գործառույթներ՝ հիմնված արհեստական բանականության վրա։
- eSIM-ի տեղափոխումը iPhone-ից Android սարքերի վրա կլինի պարզեցված։
- Կգործարկվի նոր խաղային հավելված և մի շարք այլ նորություններ։
Պատրաստեց Ալվարդ Բաղդասարյանը