Միջազգային գիտնականների խումբը հայտարարել է, որ Ծիր Կաթին գալակտիկայում հայտնաբերվել է անսովոր երկնային օբյեկտ։ Այն կարող է լինել աստղ, աստղերի զույգ կամ նույնիսկ ինչ-որ այլ, անհայտ բան. գրում է APnews-ը։
Այս օբյեկտը միաժամանակ ճառագայթում է ռենտգենային ճառագայթներ և ռադիոալիքներ։ Ավելին՝ այդ ճառագայթումը տեղի է ունենում կանոնավոր՝ յուրաքանչյուր 44 րոպեն մեկ, հատկապես ակտիվության բարձր փուլերում։
Ավստրալիայի Քերթինի համալսարանի գիտնական Էնդի Վանը հայտնել է, որ այս օբյեկտը գտնվում է մեզանից մոտ 15,000 լուսային տարի հեռավորության վրա՝ Ծիր Կաթինի այն հատվածում, որը լի է աստղերով, գազով և փոշով։ Ըստ նրա՝ դա կարող է լինել բարձր մագնիսականությամբ մեռած աստղ, օրինակ՝ նեյտրոնային աստղ կամ սպիտակ թզուկ։
«Կամ էլ դա կարող է լինել ինչ-որ էկզոտիկ ու մեզ դեռ անհայտ բան»,- ասել է Վանը։ Նա գլխավոր հեղինակն է այս հայտնագործությանը նվիրված հոդվածի, որը հրապարակվել է Nature գիտական ամսագրում։
NASA-ի Chandra ռենտգենային աստղադիտակը անցյալ տարի պատահաբար նկատել է այդ օբյեկտից եկող ռենտգենային ճառագայթները, երբ ուսումնասիրում էր սուպերնովայի՝ գերմեծ աստղի մնացորդները։ Վանը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ ռենտգենային ճառագայթում է արձանագրվում այսպես կոչված երկարաժամկետ ռադիոտրանսիենտից՝ հազվադեպ հանդիպող օբյեկտից, որը տասնյակ րոպեների ընթացքում կրկնվող ռադիոալիքներ է արձակում։
Քանի որ օբյեկտի հեռավորությունը դեռ հստակ չի որոշվել, աստղագետները չեն կարող հաստատ ասել, թե արդյոք այն կապ ունի գերմեծ աստղի մնացորդների հետ։ Ի դեպ, մեկ լուսային տարին հավասար է 5,8 տրիլիոն մղոնի։