Տեխնէ

TikTok-ը թափանցիկ չէ. ԵՄ-ն սպառնում է տուգանքով

Եվրոպական Միության կարգավորող մարմինները TikTok սոցիալական հարթակին մեղադրանք են առաջադրել ԵՄ թվային անվտանգության կանոնների խախտման համար. գրում է Associated Press-ը։ Ըստ նախնական հետաքննության արդյունքների՝ TikTok-ի գովազդային տվյալների բազան չի համապատասխանում «Թվային ծառայությունների ակտի» (DSA) պահանջներին։

Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է, որ TikTok-ը չի տրամադրում բավարար տեղեկատվություն գովազդների բովանդակության, թիրախային լսարանի և գովազդատուների մասին։ Բացի այդ, հարթակի գովազդային շտեմարանը հնարավորություն չի տալիս կատարել ամբողջական որոնումներ այդ տվյալների հիման վրա՝ էապես սահմանափակելով դրա գործառույթները։ Սա խոչընդոտում է հետազոտողներին՝ բացահայտել կեղծ կամ մանիպուլյատիվ գովազդներ, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներով արշավներ, հատկապես՝ ընտրությունների ժամանակ։

TikTok-ն իր հերթին հայտարարել է, որ ուսումնասիրում է հանձնաժողովի պարզաբանումները և շարունակում է հավատարիմ մնալ DSA-ի պահանջներին։ Ընկերությունն ընդգծել է, որ քննադատությունը ներկայացվել է նախնական գնահատման տեսքով՝ առանց հստակ և հրապարակային ուղեցույցների։

TikTok-ին այժմ հնարավորություն է տրվում պատասխանել ԵՄ հանձնաժողովի գնահատականներին մինչև վերջնական որոշման կայացումը, որը կարող է հանգեցնել ընկերության տարեկան գլոբալ եկամտի մինչև 6%-ի չափով տուգանքի։