Տեխնէ

Հռոմի Պապն AI-ն անվանել է կարևորագույն պրոբլեմներից մեկը

Հռոմի Պապ Լևոն XIV-ն ընտրվելուց հետո կարդինալների հետ առաջին հանդիպմանն արհեստական բանականությունը համարել է մարդկության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը. հայտնում է Al Jazeera-ն:

Նա նշել է, որ AI-ն մարտահրավերներ է ստեղծում «մարդկային արժանապատվության, արդարության և աշխատանքի» պաշտպանության համար։ Այդ տեսակետին էր նաև հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապը։

Բացատրելով իր անվան ընտրությունը՝ պոնտիֆիկոսն ասել է, որ իրեն նույնացնում է հանգուցյալ Լեոն XIII-ի հետ, որը 1878-1903 թվականներին իր գահակալման ժամանակ արդյունաբերական դարաշրջանում պաշտպանել է աշխատավորների իրավունքները։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախազգուշացրել էր, որ արհեստական բանականությունը կարող է մարդկային հարաբերությունները վերածել մաքուր ալգորիթմների և կոչ էր արել կնքել դա կարգավորող միջազգային պայմանագիր:

Իտալերենով արտասանված իր խոսքում Լևոն Պապը բազմիցս հիշատակել է Ֆրանցիսկոսին՝ ասելով, որ հանգուցյալը թողել է «անգին ժառանգություն», ակնարկելով, որ ինքը շարունակելու է նրա տեսլականը։