Meta Platforms ընկերությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ մշակել է Llama արհեստական բանականության մոդելների հիման վրա գործող ծրագրավորման նոր միջերես (API), գրում է Reuters-ը։
Նոր Llama API-ն, որը ներկայացվել է Meta-ի առաջին ԱԲ մշակողների համաժողովի ժամանակ, մրցակցելու է այնպիսի խոշոր ընկերությունների՝ OpenAI-ի, Google-ի և DeepSeek-ի API-ների հետ։
«Այժմ դուք կարող եք սկսել օգտագործել Llama-ն ընդամենը մեկ տողով կոդ գրելով», — հայտարարել է Meta-ի գլխավոր արտադրանքի տնօրեն Քրիս Քոքսը։
API-ները հնարավորություն են տալիս ծրագրավորողներին ինտեգրել արհեստական բանականության հնարավորությունները սեփական արտադրանքների մեջ՝ ապահովելով հարմարեցում և արագ ներգործություն։ OpenAI-ի դեպքում API-ները կազմում են ընկերության եկամտի հիմնական աղբյուրը։
Meta-ն, որը ամսվա սկզբին թողարկել էր Llama մոդելի վերջին տարբերակը, չի ներկայացրել մանրամասներ API-ի գների վերաբերյալ։ Ըստ ընկերության մամուլի հաղորդագրության՝ ծառայությունը ներկայումս հասանելի է սահմանափակ թվով հաճախորդների համար՝ որպես նախնական տարբերակ, իսկ լայն հասանելիությունը նախատեսվում է առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում։