Տեխնէ

Amazon-ը տիեզերք է արձակել իր առաջին ինտերնետ արբանյակները

Ամերիկյան տեխնոլոգիական հսկան՝ Amazon-ը, տիեզերք է արձակել իր առաջին 27 ինտերնետ արբանյակները Kuiper նախագծի շրջանակում՝ նպատակ ունենալով մրցել Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink համակարգի հետ. գրում է BBC-ն։

Atlas V հրթիռակիրը, որը մշակվել է United Launch Alliance ընկերության կողմից, արձակվել է Ֆլորիդայի Քեյփ Քանավերալից՝ երկուշաբթի օրը։ Արբանյակները դուրս են բերվել ցածր երկրագնդային ուղեծիր՝ համապատասխանաբար 590, 610 և 630 կմ բարձրությունների վրա։

Amazon-ը նախատեսում է առաջիկա տարիներին ուղեծիր դուրս բերել ընդհանուր 3236 արբանյակ, որոնք կապահովեն բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ՝ մինչև 400 Մբթ/վ արագությամբ, հետագայում՝ մինչև 1 Գբթ/վ և ավելի։ Համակարգը կաշխատի 12 գետնային կայանի միջոցով՝ կապ հաստատելով օգտատերերի հետ։

Kuiper նախագիծը նպատակ ունի լուծել «թվային անդունդի» խնդիրը՝ ապահովելով հասանելի և որակյալ ինտերնետ այն շրջաններում, որոնք մնում են կապի ավանդական միջոցներից դուրս կամ ունեն սահմանափակ հասանելիություն։

Նախագծի շրջանակում դեռ 2023 թվականի հոկտեմբերին ուղեծիր էին դուրս բերվել փորձնական KuiperSat-1 և KuiperSat-2 արբանյակները։ Այս արձակմամբ Amazon-ը մտնում է ուղիղ մրցակցություն ոչ միայն SpaceX-ի Starlink-ի, այլև այլ արբանյակային ինտերնետային նախագծերի հետ։ Հիշեցնենք, որ SpaceX-ն իր առաջին արբանյակները արձակել էր 2019 թվականին, և ներկայումս ունի ավելի քան 6750 արբանյակ, որոնք սպասարկում են շուրջ 5 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում։