Alphabet-ը՝ Google-ի մայր ընկերությունը, տեխնոլոգիական ներդրողներին վստահեցրել է, որ իր արհեստական բանականության (AI) ներդրումները, չնայած տնտեսական անորոշություններին, արդեն դրական ազդեցություն ունեն գովազդային բիզնեսի վրա. հաղորդում է Reuters-ը։
Ընկերության առաջին եռամսյակի շահույթն ու եկամուտը գերազանցել են ակնկալիքները, և Alphabet-ը հայտարարել է 70 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի հետգնման մասին, ինչի արդյունքում նրա բաժնետոմսերի արժեքը աճել է 4%-ով՝ ավելացնելով շուկայական արժեքը 75 միլիարդով։
Alphabet-ը հաստատել է նաև իր 75 միլիարդ դոլար կապիտալ ծախսերի պլանը՝ նպատակ ունենալով շարունակել առաջատար լինել AI ոլորտում։ Սա դրական ազդանշան է դարձել նաև Meta-ի ու Amazon-ի բաժնետոմսերի համար։
Google-ի գովազդային եկամուտները, որոնք կազմում են ընդհանուր եկամտի գրեթե 75%-ը, այս եռամսյակում աճել են 8.5%-ով՝ հասնելով 66.89 միլիարդ դոլարի։ Սա ավելի ցածր աճ է, քան նախորդ եռամսյակում (10.6%), բայց ավելի բարձր, քան վերլուծաբանների սպասած 7.7%-ը։