ԱՄՆ պաշտպանության նախարարության առաջատար հետազոտությունների վարչությունը (DARPA) հայտնել է արդյունաբերական ընկերություններին, որ նպատակ ունի ստեղծել փոքր մերձլուսնային արբանյակ՝ ջրային սառույց որոնելու համար. հայտնում է SpaceNews պարբերականը։ Նախաձեռնությունը, որը կոչվում է LASSO (Lunar Assay via Small Satellite Orbiter) նպատակ ունի փորձարկել տիեզերանավերի գործառույթներն առանցքային երկու ուղղությամբ․
- Շատ ցածր ուղեծրերում՝ մինչև 10 կմ բարձրության վրա, աշխատելու կարողություն։ Այդպիսի ուղեծրերում Լուսնի գրավիտացիոն դաշտի անհամաչափությունները դժվարացնում են կայուն ուղեծրի պահպանումը, և պարբերաբար ուղղումներ են պահանջվում։ Այս տեխնոլոգիաները կարևոր են միջլուսնային տարածությունում (Երկրի ու Լուսնի միջև) տիեզերանավերի առաջադեմ կառավարելիության և տիեզերական իրադրության իրազեկման (SSA) համար, ինչը հետաքրքրում է նաև ԱՄՆ տիեզերական ուժերին։
- Լուսնի մակերևույթի քարտեզագրում՝ ջրի սառույցի պաշարների որոնմամբ։ Մինչև 4 տարվա ընթացքում նախատեսվում է քարտեզագրել ամբողջ մակերևույթը՝ հայտնաբերելով այն տարածքները, որտեղ մակերևույթի տակ առկա է առնվազն 5% ջրասառույց, ինչը կարող է արդարացնել դրա արդյունահանման ծախսերը։
DARPA-ն ակնկալում է, որ այս առաքելությունը կօգնի զարգացնել նոր տեխնոլոգիաներ՝ բարելավելով կառավարելիությունը և ապացուցված ջրային պաշարների բացահայտմամբ աջակցելով NASA-ի ու մասնավոր տիեզերական առաքելություններին։
DARPA-ն չի ներկայացրել կոնկրետ բյուջե, սակայն պահանջում է մոտավոր արժեքի գնահատական առաջարկի ամփոփման մեջ, և մանրամասն ֆինանսական ծրագիր՝ բանավոր փուլում։