Տեխնէ

Չինաստանը մշակել է աշխարհի առաջին փրկարարական անօդաչու թռչող սարքը

Չինաստանը ստեղծել է աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքը, որը նախատեսված է բարդ և էքստրեմալ պայմաններում վթարափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար․ գրում է China Daily-ն:

Մշակումը պատկանում է Haishen Medical Technology ընկերությանը և ցուցադրվել է Չինաստանում վերջերս կայացած բժշկական սարքավորումների ցուցահանդեսում: 

Անօդաչու թռչող սարքը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք թույլ են տալիս իրական ժամանակում իրականացնել շնչառական աջակցություն, ներերակային ինֆուզիոն, կենսական նշանների մոնիտորինգ, դեֆիբրիլյացիա և հեռահար տեսամոնիտորինգ: Ինչպես նշում է արտադրող ընկերության գլխավոր ինժեները, սարքը կարող է բարձր ճշգրտությամբ որոնողափրկարարական գործողություններ իրականացնել նույնիսկ բարդ պայմաններում՝ ծովում, -25-ից +46 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և մինչև 5000 մետր բարձրության վրա:

Բացի այդ, սարքը կարող է առաջին բուժօգնություն ցուցաբերել և օպերատիվ տեղափոխել տուժածներին։ Հաղորդվում է, որ անօդաչուի քաշը կազմում է 600 կիլոգրամ, ընդ որում այն կարող է կրել մինչև 300 կիլոգրամ օգտակար բեռ: