Տեխնէ

Apple-ը Հնդկաստանից ԱՄՆ է տեղափոխել 1.5 միլիոն iPhone

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple-ը բեռնատար չարտերային թռիչքներ է կազմակերպել՝ Հնդկաստանից ԱՄՆ տեղափոխելով 600 տոննա կամ մոտավորապես 1.5 միլիոն iPhone. հայտնում են Reuters-ի աղբյուրները։ 

Ընկերությունը մեծացրել էր արտադրությունը Հնդկաստանում՝ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերից խուսափելու համար։

Այսպես Apple-ը փորձել է շրջանցել բարձր մաքսատուրքերը և ապահովել ԱՄՆ շուկայում iPhone-ների պաշարը։ Մասնագետները զգուշացրել են, որ iPhone-ների գինը ԱՄՆ-ում կարող է կտրուկ բարձրանալ, քանի որ ընկերությունը մեծապես կախված է Չինաստանից ներմուծումներից։ Համեմատության համար՝ Հնդկաստանից ներմուծման մաքսատուրքը 26% է, բայց այն կասեցվել է Թրամփի հայտարարած 90-օրյա դադարի արդյունքում, որը չի ներառում Չինաստանը։

Apple-ը համագործակցել է Հնդկաստանի Չեննայի օդանավակայանի հետ՝ արագացնելով մաքսային ընթացակարգերն ու կրճատելով մաքսազերծման ժամանակը 30 ժամից մինչև 6 ժամ։

Մարտ ամսից սկսած՝ մոտ 6 բեռնատար ինքնաթիռ, յուրաքանչյուրը 100 տոննա տարողությամբ, արդեն մեկնել են ԱՄՆ, վերջինն էլ մեկնել է հենց այն շաբաթ, երբ նոր մաքսատուրքերը սկսել են գործել։

Ըստ հաշվարկների, iPhone 14-ի և լիցքավորման լարի փաթեթավորված քաշը կազմում է մոտ 350 գրամ, ինչը նշանակում է՝ 600 տոննա բեռը համապատասխանում է մոտ 1.5 միլիոն սարքի։

Ընկերությունը և Հնդկաստանի ավիացիայի նախարարությունը դեռ չեն մեկնաբանել այս լուրերը։