Տեխնէ

AI-ն արդեն կարողանում է կանխատեսել սրտի կանգի վտանգը

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գիտնականների միջազգային թիմը արհեստական բանականության հիման վրա նորարարական համակարգ է մշակել, որը կարող է նախազգուշացնել սրտի հանկարծակի կանգի վտանգի մասին. ասվում է The Lancet գիտական ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։

Ուղեղի աշխատանքը նմանակող AI ալգորիթմը վերապատրաստվել է ավելի քան 240 հազար էլեկտրասրտագրությունների վերլուծության միջոցով։ Համակարգը հիմնականում կենտրոնանում է սրտի փորոքների կծկման և թուլացման փուլերի նուրբ փոփոխությունների վրա:

Փարիզի սրտանոթային հետազոտությունների կենտրոնի սրտաբան Լորան Ֆիորինայի խոսքով՝ մշակումը «տպավորիչ արդյունքներ» է ցույց տվել. AI-ն բարձր ճշգրտությամբ կանխատեսել է վտանգավոր առիթմիայի զարգացման դեպքերի 70%-ը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում և կեղծ դրական արդյունքների ընդամենը 0,1%-ն է ցույց տվել:

Նշվում է, որ ավանդական մեթոդները հաճախ անզոր են լինում սրտի հանկարծակի կանգի կանխարգելման հարցում, արդյունքում՝ ամեն տարի ավելի քան 5 մլն մարդ է մահանում։ Ընդ որում, տուժածներից շատերը նախկինում չեն ունեցել ախտորոշված սրտային հիվանդություններ։

Ծրագրի հաջորդ փուլը կլինիկական փորձարկումներն են։ Հաջողության դեպքում համակարգը նախատեսում են ինտեգրել հիվանդանոցային սարքավորումներին, իսկ ապագայում՝ նաև խելացի ժամացույցների նման կրելի սարքերին, ինչը զանգվածային սկրինինգի և կանխարգելիչ ախտորոշման հնարավորություն կբացի: