ChatGPT-ի պատկերներ ստեղծող գործիքով Ղիբլի ոճով նկարներ ստեղծելու մոլուցքը անցյալ շաբաթ հանգեցրեց OpenAI-ի չաթբոտի օգտատերերի թվի ռեկորդային աճի՝ ծանրաբեռնելով սերվերները և ժամանակավորապես սահմանափակելով այդ գործառույթի օգտագործումը. հայտնում է Reuters-ը։
Համացանցում տարածված այս միտումը հանգեցրեց նրան, որ ամբողջ աշխարհից օգտատերերը սոցիալական մեդիան ողողեցին ճապոնական հայտնի Studio Ghibli անիմացիոն ստուդիայի ձեռքով նկարված ոճով պատկերներով: Այս ստուդիան, որը հիմնադրել է անվանի ռեժիսոր Հայաո Միյաձակին, հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Հոգիների փախուստը» և «Իմ հարևան Տոտորոն»:
Similarweb շուկայական հետազոտությունների ընկերության տվյալներով՝ այս տարի առաջին անգամ շաբաթական միջին ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 150 միլիոնը: «Վերջին ժամում մենք ավելացրել ենք մեկ միլիոն օգտատեր»,- X-ի գրառման մեջ ասել է OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը։
SensorTower-ի տվյալներով՝ անցյալ շաբաթ ակտիվ օգտատերերի թիվը, հավելվածի ներբեռնումները և ներծրագրային բաժանորդագրություններից ստացված եկամուտները հասել են բոլոր ժամանակների առավելագույն ցուցանիշի՝ այն բանից հետո, երբ AI ընկերությունը թարմացումներ է մտցրել իր GPT-4o մոդելում՝ հնարավորություն ընձեռելով առաջացնել առաջադեմ պատկերներ: