ԱՄՆ-ում Apple-ի դեմ դատական հայց է ներկայացվել արհեստական բանականության (AI) գործառույթների պատճառով, հայտնում է Axios պարբերականը։ Հայցը ներկայացվել է Clarkson Law Firm իրավաբանական ընկերության կողմից՝ Կալիֆոռնիայի Սան Խոսեի նահանգային դատարաններից մեկին: Հայցում պնդվում է, որ Apple-ը գովազդել է AI գործառույթներ, որոնք, սակայն, մասամբ հասանելի են եղել կամ ընդհանրապես հասանելի չեն եղել ընկերության սարքերում։
Հայցվորները որպես օրինակ նշել են iPhone 16 սերիայի սմարթֆոնները, որոնք գովազդվել են Apple Intelligence-ի աջակցությամբ, սակայն թողարկման պահին հեռախոսներում AI գործառույթներ առկա չեն եղել: Սպառողները նաև մատնանշել են Apple Intelligence-ի գովազդը դերասանուհի Բելլա Ռեմսիի մասնակցությամբ, որտեղ ընկերությունը ցույց է տվել, թե ինչպես օգտատերը կարող է պատրաստվել հանդիպման՝ ամբողջովին ապավինելով iPhone-ի AI գործառույթներին։
Հայցվորների պնդմամբ՝ IT հսկայի գովազդը սպառողների մոտ ձևավորել է «հստակ և հիմնավորված ակնկալիքներ, որ հեղափոխական ֆունկցիաները հասանելի կլինեն iPhone-ի թողարկման պահին»: Apple-ն իրոք հետաձգել է AI ծառայությունների ներդրումը իր սարքերում, և նույնիսկ այժմ Apple Intelligence-ի առանձնահատկությունները հասանելի են միայն սահմանափակ թվով երկրներում։