Տեխնէ

ԱՄՆ-ում հետ են կանչվել գրեթե բոլոր Cybertruck-ները

ԱՄՆ-ում հետ են կանչվել ճանապարհներին գտնվող գրեթե բոլոր Cybertruck մեքենաները։ Սա Tesla-ի արտադրած այս մեքենաների ութերորդ հետկանչն է այն պահից, երբ դրանք սկսել են մատակարարվել սպառողներին՝ մոտ մեկ տարի առաջ։

Ազգային մայրուղիների անվտանգության վարչության (NHTSA) զեկույցի համաձայն՝ հետկանչը վերաբերում է ավելի քան 46,000 Cybertruck-ի։ Պատճառը մեքենայի արտաքին վահանակն է, որը գտնվում է դիմապակու ձախ և աջ կողմերում։ Այն կարող է վարելիս պոկվել՝ վտանգ ստեղծելով ճանապարհին գտնվող այլ վարորդների համար և մեծացնելով վթարի հավանականությունը։

Զեկույցում նշվում է, որ այդ վահանակը՝ չժանգոտվող պողպատից պատրաստված «cant rail assembly» կոչվող մասը, որը տեղադրված է դիմապակու և տանիքի միջև, ամրացված է սոսինձով։ Խնդիրը շտկելու համար Tesla-ն կօգտագործի նոր սոսինձ, որը, NHTSA-ի տվյալներով, դիմացկուն է շրջակա միջավայրի ազդեցությանը և չի փխրունանում։ Բացի այդ, կավելացվեն նաև լրացուցիչ ամրացումներ։

Tesla-ն վահանակը կփոխարինի անվճար։ Սեփականատերերին ծանուցող նամակները նախատեսվում է ուղարկել 2025 թվականի մայիսի 19-ին։