Չինական որոնողական հսկա Baidu-ն հերքել է ընկերության ներսում տվյալների արտահոսքի մասին մեղադրանքները։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընկերության փոխնախագահ Սիե Գուանգջունի դեռահաս դուստրը համացանցում հրապարակել է այլ օգտատերերի անձնական տվյալներ՝ առաջացնելով հանրային վրդովմունք։
Baidu-ն, որը Չինաստանի խոշորագույն ամպային ծառայություններ մատուցող ընկերություններից է, հայտնվել է ուշադրության կենտրոնում անցած շաբաթ։
Ընկերությունը հայտարարել է, որ բոլոր մակարդակների աշխատակիցներն ու ղեկավարները խստիվ արգելված է օգտատերերի տվյալներին հասանելիություն ունենալ։ Ըստ Baidu-ի՝ դեռահասի կողմից հրապարակված տեղեկությունները ձեռք են բերվել օտարերկրյա հարթակներում գործող, անօրինական ճանապարհով ստացված «դոքսինգի տվյալների բազաներից», որոնք կուտակում են գողացված անձնական տվյալներ։
Baidu-ն նաև հայտնել է, որ ոստիկանությանը դիմում է ներկայացրել համացանցում տարածվող կեղծ տեղեկությունների վերաբերյալ, այդ թվում՝ այն պնդումների, թե դեռահասը իբր խոստովանել է, որ հայրը նրան տրամադրել է տվյալների բազաներին հասանելիություն։
Նշենք, որ Baidu-ն Չինաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից է, որը հիմնադրվել է 2000 թվականին Ռոբին Լիի և Էրիկ Սյուի կողմից։ Հայտնի է որպես «Չինաստանի Google»՝ Baidu-ն գերիշխող դիրք է զբաղեցնում Չինաստանի որոնողական համակարգերի շուկայում։ Baidu-ն նաև առաջատար է արհեստական բանականության (AI) ոլորտում։ Ընկերությունը մեծ ներդրումներ է կատարել AI-ի հետազոտություններում և մշակումներում՝ ստեղծելով ERNIE անունով խոշոր լեզվական մոդելը, որը համարվում է OpenAI-ի ChatGPT-ի չինական այլընտրանքը։