Իտալական Il Foglio թերթը թողարկել է փորձնական համար, որում բոլոր նյութերը՝ ներառյալ հոդվածները, վերնագրերը և նույնիսկ հեգնական դիտողությունները, ստեղծվել են նեյրոցանցի կողմից։ The Guardian-ը հայտնում է, որ այս օրինակը, որը կոչվում է Il Foglio AI, աշխարհում առաջինն է, որն ամբողջությամբ գեներացվել է արհեստական բանականության միջոցով։
Թերթի գլխավոր խմբագիր Կլաուդիո Սերասան բացատրել է, որ փորձի նպատակն է ցույց տալ արհեստական բանականության տեխնոլոգիաների ազդեցությունը ժամանակակից լրագրության վրա։ Նրա խոսքով՝ նախագծի շրջանակներում լրագրողները միայն հարցեր են տվել AI-ին և ստուգել պատասխանները, մինչդեռ նեյրոցանցն ինքնուրույն ստեղծել է հոդվածներ, որոնք զերծ են եղել քերականական կոպիտ սխալներից։
Չորս էջից բաղկացած այս թողարկումը հասանելի է ինչպես տպագիր, այնպես էլ առցանց տարբերակներով։ Այն զուրկ է անձնական կարծիքներից, խորը վերլուծություններից և կենդանի հարցազրույցներից, որոնք բնորոշ են ավանդական լրագրությանը։ Նյութերը ներկայացված են պարզ և հասկանալի հոդվածների տեսքով՝ առանց ակնհայտ քերականական սխալների, սակայն չեն պարունակում մարդկանց ուղղակի մեջբերումներ։
Հատուկ համարի առաջին էջում հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրված հոդված, որը նկարագրում է «իտալական թրամփականության պարադոքսը» և այն, թե ինչպես են դրա հետևորդները դեմ «մշակույթի վերացմանը», բայց կամ աչք են փակում դրա վրա, կամ, առավել վատ, «ուրախանում» դրանով։ Առաջին էջում տեղադրված է նաև «Պուտին. 10 դավաճանություն» վերնագրով սյունակ, որը պատմում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «20 տարվա չկատարված խոստումների, խզված համաձայնությունների և դրժված երդումների մասին»։ Թողարկումն ընդգրկում է նաև հոդված Իտալիայի տնտեսական բարեփոխումների, եկամտահարկի փոփոխությունների և 750 հազար աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին։
Կարևոր է նշել, որ թերթի էջերում հրապարակված ոչ մի հոդվածում որևէ մարդու ուղղակի մեջբերում չկա։