Տեխնէ

Նոր աստղադիտակը կօգնի հասկանալ Տիեզերքի պատմությունը և Մեծ պայթյունը

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են՝ SPHEREx (Spectro-Photometer for the History of the Universe, Epoch of Reionization, and Ices Explorer)-ը NASA-ի տիեզերական աստղադիտակ է, որն արձակվել է Երկրից 2025թ․ մարտի 11-ին։

Այն ուսումնասիրելու է ամբողջ տիեզերքը՝ ենթակարմիր լույսի տիրույթում՝ օգնելով գիտնականներին հասկանալ Տիեզերքի պատմությունը, գալակտիկաների առաջացումը և ջրի ու օրգանական մոլեկուլների դերը մոլորակային համակարգերի զարգացման մեջ։

Այս սարքը կհավաքի տվյալներ, որոնք կլուսաբանեն այսպես կոչված ինֆլյացիոն պահը, երբ Մեծ պայթյունից հետո վայրկյանի ընթացքում տարածությունը մեծացավ տրիլիոնավոր անգամ՝ ձևավորելով ընդարձակվող Տիեզերք։

Աստղադիտակը կարող է հայտնաբերել ենթակարմիր լույսը, որը դժվար է դիտել Երկրից։

Ինչպե՞ս է աշխատելու SPHEREx-ը Այն կիրականացնի սպեկտրային հետազոտություն՝ չափելով լույսի ինտենսիվությունը տարբեր ալիքի երկարություններում։Կավարտի ամբողջ երկնքի քարտեզագրումը յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ իր 2 տարվա առաքելության ընթացքում։

SPHEREx-ի դիտումները կհամալրեն James Webb Space Telescope (JWST)-ի և Euclid-ի տվյալները՝ ապահովելով Տիեզերքի մասին առավել շատ տվյալներ։

SPHEREx-ի արձակման համար օգտագործվել է Falcon 9 հրթիռը, որը պատկանում է SpaceX ընկերությանը։ Falcon 9-ը ուղեծիր է դուրս բերել նաև չորս ամերիկյան արբանյակներ, որոնք նախատեսված են Արեգակի պսակի և արեգակնային քամու ուսումնասիրությունների համար։

Ինչո՞ւ է SPHEREx-ը կարևոր. Կլինի NASA-ի առաջին առաքելությունը, որը կկատարի ամբողջ երկնքի սպեկտրային ուսումնասիրություն ենթակարմիր միջակայքում։
Կօգնի տիեզերաբանության, աստղաֆիզիկայի և մոլորակագիտության զարգացմանը, կստեղծի տիեզերքի 3D քարտեզ, որը կունենա աննախադեպ ճշգրտություն ենթակարմիր միջակայքում։