Աստղագետները Սատուրնի 128 նոր արբանյակ են հայտնաբերել։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 274-ի: Այժմ այդ մոլորակը գրեթե երկու անգամ ավելի շատ արբանյակներ ունի, քան արեգակնային համակարգի մյուս բոլոր մոլորակները միասին վերցրած, հայտնում է The Guardian-ը:
Մինչև վերջերս արբանյակների քանակով առաջատարը համարվում էր Յուպիտերը, սակայն Canada France Hawaii աստղադիտակի օգնությամբ կատարված նոր դիտարկումներն այլ պատկեր են պարզել։ Գիտնականները կիրառել են «տեղաշարժման և գումարման» մեթոդը, որը թույլ է տալիս աստղային երկնքի ֆոնին հայտնաբերել աղոտ առարկաներ, և հաստատել են՝ նախկինում չգրանցված տասնյակ արբանյակներ կան։
Բոլոր նոր օբյեկտները պատկանում են անկանոն արբանյակների դասին։ Նրանք ունեն երկարավուն ուղեծրեր և փոքր չափսեր:
Չնայած հայտնի արբանյակների ցուցակի զգալի ընդլայնմանը, գիտնականները կարծում են, որ հասել են ժամանակակից մեթոդների հնարավորությունների սահմանին: Նոր տեխնոլոգիաները կարող են ուսումնասիրել նաև սառցե հսկաների՝ Ուրանի և Նեպտունի հեռավոր արբանյակները։
